Логотип

Անձնական բնույթի զրույց է եղել. Սիմոնյան-Մատվիենկո հաջորդ շփումը կլինի Ստամբուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ծննդյան օրը` ապրիլի 7–ին, հեռախոսային զրույցի ընթացքում քաղաքական հարցեր չի քննարկել։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ է զանգը եղել, և պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնության խորհրդի ղեկավարի հետ։ Մենք խոսում ենք բաց, ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ։ Այս անգամ հիմնական խոսակցությունը եղել է անձնական բնույթի, ծննդյան կապակցությամբ»,–ասաց Սիմոնյանը։

Նա հիշեցրեց, որ ապրիլի 16-19-ը կլինի Ստամբուլում` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին, որի շրջանակում Մատվիենկոյի հետ շփվելու հնարավորություն կունենա։

«Մատվիենկոն նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք»,–ասաց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ վեհաժողովի շրջանակում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։

Sputnik Արմենիա