Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում ապրիլի 13–ին 52–ամյա ատամնաբույժ Արթուր Ավագյանին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել երկու եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ ապրիլի 13–ին` ժամը 12։00-ին, շտապօգնությունից ահազանգ են ստացել, որ նշված գյուղում դանակահարված անձ կա։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից մահացել է նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը։
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան»,–հայտնում է ՔԿ–ն:
Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Եղբայրների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:
Հիշեցնենք` Մրգաշենի վարչական ղեկավար Սիրեկան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում պատմել էր, որ Արթուր Ավագյանը ամուսնացած էր, 3 անչափահաս երեխաների հայր, ընդամենը մի քանի ամիս առաջ էր ընտանիքի հետ տեղափոխվել գյուղի այդ տանն ապրելու։ Նրան դանակի մի քանի հարված են հասցրել հենց իր տան դիմաց։
Sputnik Արմենիա
