Логотип

Փաստաբան․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ զրպարտության կապակցությամբ 13 դատական հայց է ներկայացվել

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի հասցեին հնչած զրպարտության կապակցությամբ ներկայացվել է 13 դատական հայց։ Այս մասին ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արքեպիսկոպոսի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ 4 հայց արդեն մերժվել է, իսկ մյուսները գտնվում են քննության փուլում։ Որպես պատասխանող կողմ ներգրավված են պատգամավորներ, «տարբեր արբանյակներ», Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը և այլք։ Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ դատարան ներկայացողները փոխում են իրենց տոնայնությունը. պնդում են, թե խոսել են էմոցիաների ազդեցության տակ և ամեն կերպ փորձում են խուսափել պատասխանատվությունից։ «Ցավոք, դատարանները, գտնվելով ճնշման տակ, համարձակություն չունեն իրերն իրենց անուններով կոչելու։ Կա մի որոշում, որտեղ դատարանը լիովին համաձայնում է մեզ հետ, բայց վերջում մերժում է հայցի բավարարումը։ Բնականաբար, այն բողոքարկվել է», – հայտնել է փաստաբանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է իր խոսքերը հիմնավորել Պետրոս Ղազարյանը՝ Խուդոյանը նշել է, որ վերջինս իր հայտարարությունները պատճառաբանել է մասնագիտական մոտեցմամբ և ակտիվ քննարկում ծավալելու ձգտմամբ։ «Հանրային հեռուստաընկերությունն ակտիվորեն ներգրավված է եղել մարդկանց վարկաբեկելու և կեղծ տվյալներ տարածելու գործում, իսկ Ղազարյանի գործողություններում ես չեմ տեսնում պրոֆեսիոնալ լրագրողի բարեխիղճ աշխատանք», – հավելել է Հովհաննես Խուդոյանը։

News.am