Այստեղ եմ աջակցությունս հայտնելու Դավիթի ընտանիքին և իրեն աջակցողներին, այս քաղաքական հետապնդման շրջանակներում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14–ին, Գլխավոր դատախազության դիմաց նստացույցի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Ցավոք սրտի, շատ վաղուց չէր, որ նմանատիպ խնդրով ինքս էի այստեղ ակցիայի որպես մասնակից, մեկ այլ վստահորդի՝ Արսեն Ղուկասյանի դեպքով ու այստեղ շատ ցավալիորեն նմանատիպ զուգահեռներ եմ տեսնում, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդուն բառի ուղիղ իմաստով խոշտանգում են և գնում են քաղաքական և իրավական արկածախնդրության՝ իրապես ռիսկի տակ դնելով մարդու կյանքը, այս դեպքում 18-ամյա երիտասարդի կյանքը։
Նման մոտեցումը անընդունելի է ու կապ չունի, թե ինչքան խառը ժամանակներում ենք ապրում, երբ որ կան համընդհանուր կանոններ և կարմիր գծեր։ Համոզմունքս է, որ դրանք պետք է պահպանվեն։
Ինչքանով փորձում եմ հետաքրքրվել ծանոթներից, հասկանում եմ, որ Դավիթի վիճակը լավ չէ։ Առողջական սկզբնական դրությունը համադրված այն հարվածի հետ, որ ինքը ստացել է, ես չեմ ուզում մասնագիտական այլ տիրույթ գնալ, բայց ինչ-որ գիտելիքներ ինձ հուշում են, որ կարող են նաև շատ ծանր հետևանքներ ունենալ։ Դավիթի այդ դրությունը անվասայլակով տեղափոխելը, սա ոչ միայն խոստանգում է առողջական իմաստով, նաև սա ուղիղ անձի պատվի ու արժանապատվության ոտնահարում է։
Այս դեպքում ուղղակի իշխանությունները ևս մեկ անգամ մարդկանց սարսափեցնում են, ահաբեկում են, որ հանկարծ չփորձեն թեկուզ թարս հայացք նետել ֆյուրերի ուղղությամբ։ Այս ապարատը, այս բռնաճնշումները գնալով ավելի ու ավելի ու ավելի սաստիկ են դառնում ու չեն ճանաչում որևէ հանգամանք, ոչ առողջական դրություն, ոչ սեռ, ոչ տարիք, ոչ մի հանգամանք»,–ասաց նա։
News.am
