Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները։ Այս մասին հայտնում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը։
«Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ կենտրոնի` ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին:
«ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։ Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը 2026 թ․ օգոստոսի 31-ն է»,– նշված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա
