Логотип

Հայտնի է` ինչ վարույթի շրջանակում են ձերբակալվել Մանկավարժականի պրոռեկտորը և այլ անձինք

Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և այլ անձինք անցնում են խարդախության և այլ մեղադրանքներով հարուցված քրեական վարույթով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ու նրա որդին։

«Ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,–Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեի խոսնակը։

Ի դեպ, Օհանջանյանը չհաստատեց, սակայն մեր տեղեկություններով` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանն իսկապես ձերբակալվածների մեջ է։