Եվրամիությունը հետաձգել է «հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի» ՀՀ իշխանություններին խոստացված 50 մլն եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը, ինչը վրդովեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարարին հանձնարարել էր Բրյուսելում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի Կայա Կալլասի հետ հանդիպման ժամանակ հստակեցնել այն միջոցների փոխանցման ժամկետները, որոնք ԵՄ-ն խոստացել էր հատկացնել Հայաստանին խորհրդարանական ընտրություններից առաջ։
Ի պատասխան Միրզոյանի հարցմանը՝ Կալլասը հայտարարել է, որ ֆինանսական աջակցությունը հետաձգվում է։ Նա պարզաբանել է, որ ԵՄ պարտավորությունների կատարման հարցում առաջնահերթությունը տրվել է Ուկրաինային, և այս պահին Բրյուսելը չի կարող աջակցել Հայաստանին, թեև «կգործադրի բոլոր ջանքերը խնդիրը լուծելու համար»։
Թերթի տեղեկություններով՝ ստացված պատասխանը վրդովեցրել է Փաշինյանին։
«Հիմա այդ փողերը մեզ ավելի շատ են պետք, քան Ուկրաինային։ Այդ 50 միլիոնն Ուկրաինային չի օգնի շտկել իրավիճակը, իսկ մեզ շատ է անհրաժեշտ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։
ԵՄ-ն մարտի 19-ին հայտարարել էր Հայաստանին միջոցներ հատկացնելու մասին՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հիբրիդային սպառնալիքների կանխարգելման նպատակով։ Միությունը նաև խոստացել էր փորձագիտական խումբ ուղարկել՝ նմանատիպ ռիսկերի մոնիթորինգ իրականացնելու համար։
Armenia Today
