Логотип

ՄԻՆՉ ԱԼԻԵՎԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ, ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ՔՊ ՌԵԺԻՄԸ ԴԱՐՁԵԼ Է ԱԴ ՌԵԺԻՄ

Մի քանի օր առաջ Նիկոլի մարզեր կատարած այցերից մեկի ժամանակ բավական արդիական միտք արտահայտեց մի տարեց գյուղացի։ Ի պատասխան «հաստատված խաղաղության» մասին մանտրայի՝ նա ասաց. «Մեզ ներքին խաղաղություն էլ է պետք»: Չնկատելով, որ դիպավ իշխանությունների զգայուն լարին. իրականում «ներքին խաղաղությունը» սրանց համար այսօր խիստ անցանկալի է, ավելին՝ արվում է ամեն ինչ, որ ընտրությունների մոտենալուն զուգընթաց իրավիճակը ծայրաստիճան թեժանա, և քվեարկությունն անցնի քաոսի, վախի, խուճապի և բռնաճնշումների պայմաններում։

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԻ ԳԼԽԱՎՈՐ ԽԱՂԱՔԱՐՏ ԴԱՐՁՆԵԼՈՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՆԴՈՐՐԸ, ինչն ակնհայտորեն պայմանավորված է իշխանությունը պահելու համար իր հանցակցին ամեն ինչ անելու հնարավորություն տալու Ալիևի ձգտմամբ, ռեժիմը միաժամանակ նպատակաուղղված լարում է ներքին իրավիճակը։ Դա միանգամայն գիտակցված մարտավարություն է, և պետք է արժանին մատուցել մանիպուլյացիաների սև հանճարին. Նիկոլը վարպետորեն իրականացնում է դա գործնականում։

Այդ մասին հստակ վկայում է ընթացիկ շաբաթվա իրադարձությունների ժամանակագրությունը. տեղի ունեցած ամենի հենց միայն նոն-ստոպ ռեժիմով թվարկումը կասկած չի թողնում, որ ՔՊ-ն իր առջև խնդիր է դրել մշտական ստրեսի վիճակում պահել երկրի բնակչությանը, հատկապես մայրաքաղաքի բնակիչներին, դրանից բխող բոլոր հետևանքներով: Ընդ որում այդ կեղտոտ արշավի մեջ ներգրավված են նրա բոլոր մերձավոր թիմակիցները, իսկ գլխավոր դերը հատկացված է, բնականաբար, պատժիչ մարմիններին ու դատական համակարգին։

Առանձնահատուկ նշենք այդ ծրագրի քրեածին բաղադրիչը. տվյալ իրավիճակում տարբեր բնույթի հանցագործությունների կտրուկ աճը, անկասկած, ձեռնտու է իշխանություններին, քանզի արյունալի խորապատկեր է ավելացնում առանց այն էլ թանձրացած գույներին։ Սրան կարելի է հավելել նաև քաղաքային տրանսպորտի և ճանապարհների ամենօրյա մղձավանջի վերածված և մարդկանց ջլատող վիճակը մայրաքաղաքում, սպառնալիքների չդադարող հեղեղը լրատվամիջոցների հասցեին և մի շարք այլ գործոններ։ Մշտական ստրեսի ձգանների ցուցակը, անկասկած, կաճի մինչև հունիսի 7-ը:

Ահա այն ցանկը, թե ինչ վիճակվեց վերապրել հասարակության ակտիվ հատվածին ընդամենը մեկ օրում՝ կիրակի երեկոյից։

Ատամնաբույժի դաժան սպանությունը Մրգաշատում, 18-ամյա զինծառայողի մահը պոլիգոնում, Արշակ արքեպիսկոպոսի գործով դատավարությունը՝ նրան կրկին կալանավորելու սպառնալիքով, միանգամից երկու բողոքի ակցիա. անհետ կորածների հարազատներինը՝ ԱԺ շենքի մոտ, և արցախցի կանանց հասցեին վիրավորանքների ու հայհոյանքների համար ոմն տականքի պատժում պահանջողներինը՝ Գլխավոր դատախազության առջև, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ երկու կանանց ձերբակալությունը, վերջապես, դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքից ազատումը միջադեպից երկու շաբաթ անց։

ՀԱՋՈՐԴ ՕՐԵՐԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑԻՆ ՆԻԿՈԼԻ ԳՐԵԹԵ ԱՆԴԱԴԱՐ ԲԱՆԱՎՈՐ ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅԱՄԲ՝ ընդդիմության հասցեին ծաղրով, հարձակումներով ու հիստերիկ սպառնալիքներով, անհեթեթ հայտարարություններով, թոշակառուների բացահայտ ծաղրանքով, որոնք, պարզվում է, կարող են 10000 դրամով ավելացած իրենց կենսաթոշակով գնալ Լառնակա զբոսնելու, հանցավորության մակարդակի նվազեցման ու քաղաքացիների բարեկեցության աճի մասին անամոթ ստերով, պետության ղեկավարին ոչ հարիր ծամածռություններով ու պահվածքով և, զուգահեռաբար՝ Սամվել Կարապետյանի կուսակցության անդամների ու համակիրների նոր զանգվածային ձերբակալություններով…

Անշուշտ, իշխանությունների և անձամբ Փաշինյանի այդօրինակ պահվածքի անմիջական պատճառը «Ուժեղ Հայաստանի» շաբաթօրյա հաջող հանրահավաքն էր, որը ցույց տվեց այդ քաղաքական ուժի աճող ժողովրդականությունը և վերածումը գործող իշխանությունների վերարտադրությանը սպառնացող իրական գործոնի։ Մյուս կողմից՝ դպրոցականի հետ կապված միջադեպը, իսկ այնուհետ նաև Կարապետյանի կուսակցությունից երկու կանանց աղմկահարույց ձերբակալումը, որոնց ստիպված ազատ արձակեցին՝ վարչական հսկողության տակ, ցույց տվեցին, որ հասարակական ակտիվությունն աճում է և կարող է լրջորեն ազդել իրավիճակի վրա:

Այս պայմաններում իշխանությունները փաստացի հայտնվել են ընտրության առջև. կա՛մ այսուհետ էլ սաստկացնել բռնաճնշումները՝ իրավական (բարոյականի մասին խոսելն անգամ ավելորդ է) բոլոր նորմերի ոտնահարմամբ, և ամեն կերպ լարել իրավիճակը, ինչը սպառնում է հասարակական պայթյունի տեսքով բումերանգ ստանալու վտանգով, կա՛մ «չարթնացնել քնած փորձանքը»՝ ողջ հույսը դնելով ցածր մասնակցության և քվեարկության ու ձայների հաշվարկի ընթացքում տարատեսակ կեղծիքների և մանիպուլյացիաների վրա։

Դատելով նրանից, որ Փաշինյանն ընտրել է առաջին տարբերակը, պետք է ենթադրել, որ նա վստահ չէ երկրորդի հուսալիության հարցում։ Ակնհայտ է, որ ռեժիմի պարագլուխն առաջ է գնում թուրն աջ ու ձախ կտրելով, ձգտելով ամեն կերպ լուծել հարցը մինչև հունիսի 7-ը, վախ սերմանելով, օգտագործելով արգելիչ միջոցների ողջ զինանոցը, վարելով նողկալի, ստերով ու իրականության խեղաթյուրմամբ լի քարոզչություն, բանտ նետելով հնարավորինս մեծ թվով ընդդիմադիրների և սպառնալով է՛լ ավելի մեծաթիվ հակառակորդներին. մի խոսքով՝ անում այն, ինչն իր մոտ ամենից լավ է ստացվում։

ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՄԵՆՔ ԿՐԿԻՆ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԻԿՈԼԻ ՈՒ ԱԼԻԵՎի ԹԻՄԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՍՏՎՈՑԻ ԽԱՂԻ ՀԵՏ։ Սահմանի վրա՝ ջանադրաբար պահպանվող լռություն ու անդորր, որպեսզի պատահաբար չխանգարեն Փաշինյանին պարծենալ իր մտացածին խաղաղությամբ, իսկ երկրի ներսում կրքերը եռում ու գնալով ավելի են թեժանում։ Փորձագետները նշում են փողոցի դերի աճը, որի ճնշումն անմիջապես ընտրություններից առաջ կարող է իրապես ազդել դրանց արդյունքների վրա, ինչպեսև իշխանությունների արձագանքն այդ ճնշմանը։

…Ի դեպ, արձագանքի մասին: Ռեժիմի հիմնական խնդիրներից է նաև լիակատար հանգստության և անհոգության ցուցադրումը, իբր՝ իսկ ի՞նչ է պատահել որ։ Այս իմաստով ցուցանշական էր ապրիլի 11-ի միջադեպը, երբ Նիկոլի ու ընկերախմբի մարզային հերթական ուղևորության ժամանակ նրանց ուղեկցող ոստիկաններով ավտոբուսը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով մարդ զոհվեց:

Իշխանական թայֆայի լուսանկարը՝ ոստիկանի մահից անմիջապես հետո սրճարանում ուրախ-զվարթ լափելիս, ասես ոչինչ չի պատահել, համացանցում տարածվեց բնավ ոչ պատահականորեն։ Դա ոչ միայն առանձին վերցրած մեկ քաղաքացու ողբերգության նկատմամբ լիակատար անտարբերության և ընտանիքի վշտի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում էր, այլև բաց մարտահրավեր հասարակական կարծիքին. ասել է թե՝ մեզ ոչինչ չի հետաքրքրում, մենք ինքնավստահ ենք և ոչինչ չի կարող կասեցնել մեզ նպատակին հասնելու ճանապարհին:

Ամեն դեպքում պարզ է, որ իշխանությունները շարունակելու են գնալ լարվածության սրման ճանապարհով և, որ ոչ պակաս կարևոր է, նրանք ունեն հստակ մշակված մարտավարություն և հստակ ըմբռնում, թե ինչ է պետք անել մինչև ընտրություններ մնացած ժամանակահատվածում։ Այստեղ գլխավոր հարցն այն է, թե ունե՞ն արդյոք ընդդիմության հիմնական դերակատարները նույքան հստակ մարտավարություն և հետագա գործողությունների մտածվածություն։