Логотип

ԻՆՉՊԵՍ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ՈՒ ԱՏՁՄ-Ն ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Ներդրումների մշակույթը, ֆինանսական գրագիտությունն ու տեխնոլոգիական համայնքի ներուժը դարձել են Ամերիաբանկի հերթական Investor’s Day միջոցառման առանցքային թեմաները, որն այս անգամ կազմակերպվել էր հատուկ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար։

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԹԻՄԸ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) անդամներին ներկայացրել է ներդրումային հիմնական հասկացությունները, ռազմավարությունները, ինչպես նաև տեղական և միջազգային շուկաների միտումները։

Investor’s Day-ն Ամերիաբանկի բրոքերային թիմի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, իրականացնել փորձի փոխանակում ու նպաստել ներդրումային մշակույթի ձևավորմանը մեր երկրում:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ

Դիանա Հակոբյան

Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը նշեց, որ բանկը ստանձնել է պատասխանատու առաքելություն՝ նպաստելու երկրում գրագետ ներդրումային մշակույթի ձևավորմանը։

«Այսօրվա Investor’s Day-ը հատուկ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների համար է կազմակերպված, քանի որ, մեր կարծիքով, տեխնոլոգիական համայնքի վերլուծական մտածելակերպը, նորարարության նկատմամբ իրենց հետաքրքրությունը և ընդհանուր առմամբ` ոլորտի զարգացման միտումներն իրենց դարձնում են երկրում ներդրումային մշակույթ ձևավորող համայնք», – ասաց Հակոբյանը։

Այս համատեքստում նա կարևորեց MyInvest հարթակը, որով հնարավոր է ձեռք բերել 48 ֆինանսական շուկաների շուրջ 70 հազար բաժնետոմս, միջազգային և հայկական շուկայի պարտատոմսեր, եվրաբոնդեր, բորսայական ներդրումային ֆոնդեր (ETF-ներ) և այլ արժույթներ։

Այս թվային լուծումներն ու ֆինանսական գործիքները նոր հեռանկարներ են բացում ոլորտների համագործակցության համար: Ամերիաբանկն անդամակցում է ավելի քան 250 տեխնոլոգիական ընկերություն միավորող ԱՏՁՄ-ին՝ որպես ոլորտի Change Maker:

ՀՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՆ՝ ԱՐԴԵՆ MYINVEST ՀԱՐԹԱԿՈՒՄ

Սարգիս Կարապետյան

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի խոսքով՝ Ամերիաբանկի և կառույցի գործընկերության գործնական արդյունքներից է Հայաստանում առաջին անգամ թողարկված ազդեցության պարտատոմսերի հասանելիությունը MyInvest հարթակում:

«Այսօրվա միջոցառումը փորձ է տեխնոլոգիական համայնքին ավելի լավ ծանոթացնելու, թե Ամերիաբանկն ինչ ֆինանսական գործիքներ է տրամադրում ներդրումների տեսանկյունից։ Տեխնոլոգիական համայնքն ակտիվ զարգանում է, հնարավորություններ կան ներդրումներ ներգրավելու և ներդրումներ անելու համար», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։

Միջոցառման առանցքում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչպես և երբ սկսել ներդրումներ կատարել, և որոնք են սկսնակ ներդրողների ամենատարածված սխալները։

ԳՈՒՄԱՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Արմեն Քոչարյան

ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանն իր հերթին կարևորեց գումարի կառավարման գործառույթը։

«Երբ սկսում ես գումար աշխատել, գումարի կառավարումը վերածվում է հմտության։ Այդ հարցում, ինձ թվում է, տեխնոլոգիական ոլորտի մեր ղեկավարներն դեռ այդքան էլ ուժեղ չեն», – նշեց Քոչարյանն՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանք է տարվում։

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ

Էդիտա Ղազարյան

ԱՏՁՄ փոխտնօրեն Էդիտա Ղազարյանն իր հերթին հավելեց, որ Ամերիաբանկը կիսում է կառույցի տեսլականը՝ Հայաստանը դարձնել տեխնոլոգիական ուժային կենտրոն։

«Մենք արդեն իսկ սկսել ենք այդ ճանապարհը, միասին մի քանի միջոցառում ենք կազմակերպել։ Սկսել ենք համագործակցել «Արմաթ» ինժեներական աշխատանոցների հարցում», – ասաց Ղազարյանը։

ԱՏՁՄ փոխտնօրենը նշեց, որ կառույցն այս ամենով չի սահմանափակվում։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում ավելի մեծ ռազմավարական և խորը համագործակցություն է սպասվում։

Investor’s Day միջոցառումների շարքը շարունակական է. հաջորդ հանդիպումը կայանալու է ապրիլի 30-ին, որի շրջանակում կներկայացվի պարտատոմսերի հայկական շուկան։