Логотип

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. ԱՆԱՐԺԱՆ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՇԱՆՏԱԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Անցած շաբաթը նշանավորվեց «Հզոր Հայաստան» դաշինքի կողմնակիցների զանգվածային ձերբակալություններով: Իրավապահ մարմինները թիրախավորել են ոչ միայն ակտիվիստներին, այլև նրանց, ովքեր ավանդաբար համարվում էին «անձեռնմխելի» էթիկական պատճառներով, այդ թվում՝ նորածինների մայրերին: ԵՄ մոնիթորինգային խմբի երկիր ժամանելուն զուգընթաց, պատժիչ արդարադատության ուրվագծերը Հայաստանում ավելի ու ավելի ակնհայտ են դառնում:

Որտե՞ղ է սահմանագիծը գծվում ընտրությունների ամբողջականության համար պայքարի և քաղաքական հաշվեհարդարների միջև: Ինչո՞ւ են միջազգային կազմակերպությունները լռում, երբ մարդասիրական նորմերը զոհաբերվում են քաղաքական նպատակահարմարության համար: Եվ կարո՞ղ է պատերազմի օգտագործումը որպես շանտաժի գործիք դառնալ օրինական քարոզարշավի գործիք:

Այս և այլ հարցերի պատասխանում է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

– Գևորգ Բալաբեկովիչ, ինչպե՞ս եք գնահատում Սամվել Կարապետյանի «Հզոր Հայաստան» դաշինքի կողմնակիցների զանգվածային ձերբակալությունները: Սա ընտրախախտումների դեմ ուղղված պայքար է, թե՞ նախապատրաստում է կուսակցությանը ընտրություններից «զանգվածային ընտրակաշառքի» մեղադրանքով որակազրկելու իրավական հիմքերը:

– Հանրային միջոցների վատնմամբ առերևույթ զանգվածային ընտրական խախտումների դիմած, ընդհուպ՝ Հայ Եկեղեցու կառավարման կարգը վերանայելու առաքելություն ստանձնած իշխող քաղաքական ուժը, թիրախավորելով աննախադեպ բարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժին, այդպիսով հետապանդում է մի շարք նպատակներ՝ ա) շեղել հանրության ուշադրությունը սեփական մեծածավալ իրավախախտումների թեմայից, բ) բոլոր դեպքերում հող պատրաստել հզոր քաղաքական ուժի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար, գ) նսեմացնել հակառակորդ քաղաքական ուժերի և անհատների իմիջը, դ) սերմանել վախի մթնոլորտ՝ ընտրությունների նկատմամբ ցանկալի ապատիա ձևավորելու նկատառումով։

Նախապես նկատեմ, որ վստահ եմ, որ այս ամենը չի կասեցնելու օրինական ճանապարհով իշխանափոխությունը, ուղղակի անհարկի մի մեծ ու խորն սպի կմնա ազգային իրավաքաղաքական մշակույթի վրա։

Այս իշխանությունների հիմնական զենքը մեր հանրության ապատիան է, մասնակցության ցածր ցուցացանիշը երաշխիք է վարչական ռեսուրսների անարգել կիրառմամբ ցանկալի արդյունքներ գրանցելու համար։ Ուստի հորդորում եմ մեր քաղաքացիներին տրամադրել ընդամենը մի քանի րոպե և մասնակցել ընտրություններին, սա ոչ այնքան ընտրություն է, որքան հանրաքվե՝ պետություն ունենալու կամ այն զիջելու մասին։

– Կառավարությունը բողոքարկում է ընտրական շրջանում բարեգործության արգելքը: Որքանո՞վ են այս մեղադրանքները արդարացված իրավական տեսանկյունից, հաշվի առնելով, որ դրանք ուղղված են այն կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ զբաղվել են բարեգործական գործունեությամբ:

– Ըստ էության, «Ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածում ավելացվել է նորմ, որով արգելվում է ընտրություն նշանակելու օրվանից կուսակցությունների և դրանց հետ ասոցացվող կազմակերպությունների կողմից բարեգործությունը։ Խնդիրը դա չէ, խնդիրը բացառապես հակառակորդ քաղաքական ուժերի համակիրների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելն ու ապօրինի եղանակներով քրեական հետապնդումներ իրականացնելն է։ Այն, որ առանց որևէ հիմքի, հսկայական միջոցներ են ծախսվում բոլորի հեռախոսային հաղորդակցությունները գաղտնալսելու համար, արդեն սովորական երևույթ է։ Ընդ որում, խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը և մինչդատական վարույթի գաղտնիությունը, զուտ վարկաբեկելու նկրտումներով հրապարկվում են նույն այդ գաղտնալսումների հատվածական մասերը։ Նույնիսկ հավատ չի ներշնչում այն, թե այդ գաղտնալսումներն արվել են ընտրությունների նշանակման օրվանից հետո, թե՝ առաջ։

– Հաշվի առնելով ներկայիս կառավարության հռետորաբանությունը՝ տեսնո՞ւմ եք կուսակցության լիակատար փակման կամ նրա գործունեությունը հակասահմանադրական ճանաչելու ռիսկ։ Եվ, ընդհանուր առմամբ, այս ձերբակալությունները ազդանշան են ոչ միայն այս կոնկրետ քաղաքական ուժի, այլև ամբողջ ընդդիմության համար։ Որքանո՞վ է հավանական «մոլդովական սցենարի» կրկնությունը Հայաստանում։

– ԵՄ ողջ էլիտան, անթաքույց արձագանքելով այս իշխանությունների խնդրանքին, ամեն քայլի դիմելու է «մոլդովական սցենարը» կյանքի կոչելու համար, սակայն դա չի հաջողվի, քանի որ դրա համար առնվազն բացակայում են նպաստող նախադրյալները։ Հայ ազգը տևական շրջան է, ինչ ակնհայտ հակակրանք ունի գործող իշխանության նկատմամբ, ինչին նպաստել է վերջիններիս առնվազն անողնաշար, անգործունակ կեցվածքը։ Իսկ եթե համարժեք գնահատենք իրավիճակը, ապա օբյեկտիվորեն հենց ՔՊ կուսակցության գործունեությունն է ենթակա դադարեցման, քանզի առնվազն Հայ Եկեղեցու կառավարման կարգի փոփոխության արտաքին միջամտությունը, կարծում եմ, լրջագույն աղերսներ ունի սահմանադրական կարգի տապալման հետ։

– Մենք ականատես ենք լինում մի սարսափելի միտման. իրավապահ համակարգը դադարել է խտրականություն դրսևորել ըստ սեռի և տարիքի: Օրինակ՝ 40 օրական նորածնի կրծքով կերակրող մոր՝ Գոհար Գումաշյանի ձերբակալությունը իսկական ցնցում առաջացրեց հասարակության մեջ: Ավելի վաղ ձերբակալվել էր դպրոցական Դավիթ Մինասյանը: Սա մահվան շունչը կորցրած համակարգի նշան է, որը փորձում է ճնշել ցանկացած բողոքի ցույց, թե՞ կոլեկտիվ վախ սերմանելու միտումնավոր ռազմավարություն:

– Այսպիսի քայլերի գոնե բարոյական ասպեկտը իրենք էլ են հրաշալի գիտակցում, սակայն դիմում են դրանց, որպեսզի իրենք իրենց շրջապատին իբր ապացուցեն, որ այնքան ինքնավստահ են, որ անգամ կարող են դիմել այդպիսի անբնական, հանրության մեջ բնականոն զայրույթ առաջացնող քայլերի։ Այս հակամարդկային մթնոլորտում անիմաստ է անգամ իրավասու պաշտոնյաներին դիմել զերծ մնալ այդպիսի գործելաոճից, քանզի հասել ենք մի հանգրվանի, երբ վերջիններս այնքան են անցել սահմանները, որ կարծես քաղաքական հետապնդումների կայուն մաս են կազմել։

– Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ ժամանակակից Հայաստանում՝ հիմնականում գործող կառավարության հակառակորդների ձերբակալությունը, կանխարգելիչ միջոցառումից վերածվել է ակնհայտ պատժիչ միջոցի և վախեցնելու գործիքի։ Որտե՞ղ է արդարադատության և քաղաքական հաշվեհարդարի միջև գիծը։

– Ցավով պետք է նկատեմ, որ հատկապես՝ ինձ համար անչափ հոգեհարազատ կառույցի՝ Հայ Եկեղեցու նկատմամբ արշավի համալիր վերլուծությունը բերել է այն ակնհայտ եզրակացությանը, որ իրավապահ գրեթե ողջ համակարգը վերածվել է քաղաքական ապօրինի նկրտումների հետևողական գործիքը։ Չեն խորշում մեծաթիվ հոգևորականների նկատմամբ անհիմն հարկադրանքի միջոցներ գործադրելու, տարաբնույթ եղանակներով նրանց նսեմացնելու պրակտակայից։

Դե ինչ վերաբերում է խափանման միջոցներին, հատկապես՝ կալանքին, ավելի, քան ակնհայտ է, որ այն վաղուց դիտարկվում է որպես այլակարծությունը ճնշելու ամենատարածված միջոցը։ Իրավապահ համակարգի իրավասու պաշտոնյաները վաղուց մոռացել են, որ ոչ միայն կալանքը, այլև ավելի մեղմ տեսակի խափանման միջոցները բնավ պարտադիր ատրիբուտ չեն։ Վերջին տարիներին «Ոստիկանության մասին» օրենքը ենթարկվել է իբր տասնյակ բարեփոխումների, մինչդեռ՝ արդյունքում ցանկացած մեկին, անգամ կատարյալ ենթարկվող քաղաքացուն բերման ենթարկելիս, պարտադիր ցուցադրաբար հագցնում են ձեռնաշղթաներ և անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկում։

Ցավալին այն է, որ այս ամենը հանգեցնում է իրավապահ համակարգի առանց այդ էլ սուղ ներուժի մսխմանը, արհեստավարժ կադրերը դե ֆակտո զրկվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ արդյունավետ բացահայտելու, առավել ևս կանխարգելելու հնարավորությունից։

– Կարո՞ղ ենք խոսել այսօր Հայաստանում դատական ​​համակարգի անկախության մասին։

– Իմ սուբյեկտիվ կարծիքով, դատական իշխանության անկախությունը երբեք այսչափ տխուր պատկեր չի ունեցել, ցավոք եզակի դատավորներ են կարողանում բարձր պահել իրենց մասնագիտական հեղինակությունը։ Բայց այս հարցում մեղքը բոլորինս է, մենք պետք է աջակցենք այդ իշխանությանը, ոչ թե կողմնակի դիտորդի կեցվածքով սոսկ պահանջենք։ Ընդ որում, զուտ օրենսդրական բարեփոխումները այս մթնոլորտում իսպառ անօգուտ են, դրանք սոսկ ուշադրություն շեղելու համար են։ Անհրաժեշտ են գործնական քայլեր, մասնավորապես հարկ է վերջապես ձևավորել հիրավի անկախ փորձագետներից բաղկացած հանձնախումբ և համալիր մոնիթորինգի ենթարկել դատական իշխանությունը։ Ցավալի է, երբ դատական իշխանության նկատմամբ վստահության մասին խոսում են լեգիտիմության հետ լրջագույն խնդիրներ ունեցող պաշտոնյաները։

– Ինչո՞ւ եք կարծում, որ Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԵՄ դեսպանատները, ՄԱԿ-ի առաքելությունը և այլն, լռում են մեր երկրում մարդու իրավունքների ակնհայտ խախտումների մասին։

– Այս կառույցները սևեռվել են սոսկ քաղաքական խնդիրների վրա, իրենց գերխնդիրը հակառուսականությունն է, իսկ թե ինչ գնով, ժողովրդավարության ինչպիսի շեղումներով դա կյանքի կկոչվի, իրենք թքած ունեն։ Վստահ եմ, որ իրենք հրաշալի հասկանում են, որ հակառուսականության անվան տակ, այս իշխանությունը փորձում է անթույլատրելի մեթոդներով հեռացնել իր հակառակորդներին և վերարտադրվել։ Ցավոք, այս գործիչները այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ ապօրինության հենքով կառուցված իշխանությունը չարիք է, այն չի կարող վստահելի գարծընկեր լինել ցանկացած այլ գործում։

– Երևանի խնդրանքով Բրյուսելը արագ արձագանքման խումբ է ուղարկում Հայաստան՝ հակազդելու որոշակի «հիբրիդային սպառնալիքներին», որոնք հաճախ են քննարկվում Հայաստանի ներկայիս կառավարության կողմից: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը՝ որպես թափանցիկությանն օժանդակող միջոց, թե՞ որպես ընտրական գործընթացներին ուղղակի արտաքին միջամտության գործիք:

– Այդ դիտորդական խումբը ակամա վերածվելու է վերը նշված ապօրինությունները կոծկողի, լավագույն դեպքում դրանք վերացական ու անդեմ քննադատության արժանացնելու մի խայտառակ լծակի։ Առանց այդ էլ միջազգային կառույցները հնարավոր և անհնարին բոլոր եղանակներով իրենց խայտառակել են, ուստի այնքան էլ անհանգստացած չեն, որ այս դրվագով հարստանա իրենց «փառապանծ» կենագրությունը։

Զավեշտն այն է, որ իրենք իբր այցելել են, այսպես կոչված, «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարելու համար, սակայն իրենք են իշխանության հետ համագործակցված իրականացնում իրական հիբրիդային պատերազմ մեր պետականության դեմ։

– Կառավարությունը փաստացի իր ընտրարշավը կառուցում է հետևյալ նախադրյալի շուրջ. «Եթե դուք քվեարկեք ընդդիմության օգտին, պատերազմ կսկսվի»։ Մի՞թե այս տեսակի ահաբեկումը ընտրողների վրա հոգեբանական ճնշման մի ձև չէ և ազատ ընտրությունների սկզբունքի խախտում։

– Սա ոչ միայն անթույլատրելի ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ, այլև խիստ վտանգավոր է այն ասպեկտով, որ փորձում են Ադրբեջանի պահանջները չբավարարելը հրամցնել որպես պատերազմ սանձազերծելու միանգամայն լեգիտիմ հիմք։ Այս իշխանությանը անչափ դժվար է հասկացնել, որ պատերազմը որևէ ապօրինի պահանջ բավարարելու լեգիտիմ միջոց չէ, դա սոսկ իրենց իշխանությունը վերարտադրելու, այն կարճ ժամկետով պահելու շատ տկար ու անհեռանկար ճիգ է։

Համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ պարզ գիտակցում է, որ Ադրբեջանին որևէ արտաքին ուժ այս իրավիճակում չի վերապահել և չի էլ պատրաստվում վերապահել պատերազմ սանձաազերծելու իրավունք։ Առնվազն հարիր չէ սեփական ժողովրդին պահել անմիտ վախի ու ստորացման մեջ՝ հանուն իշխանական աթոռի։