Պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։ Այս մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբանների հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշենք, որ Երևանում գումարված միջազգային համաժողովին մասնակցել են մի շարք փաստաբաններ` ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ: Համաժողովին ներկա են եղել նաև Ֆրանսիայի փաստաբանական միությունների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում վեհափառն անդրադարձել է 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրել, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։
«Այս առնչությամբ Նորին սրբությունն իր գնահատանքը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Իր հերթին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը Ամենայն հայոց հայրապետին փոխանցել է իրավաբանական հանրության զորակցությունը՝ եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։
Կաթողիկոսը կարևորել է նմանօրինակ միջազգային համաժողովների անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։
Sputnik Արմենիա
