Логотип

Ցեղասպանագետ․ Ինչպես էլ հայերն իրենց պահեին, ցեղասպանությունը լինելու էր, Փաշինյանի ասածը հիմք չունի

Այստեղ տեղի է ունենում մի շատ հետաքրքիր բան, երբ մենք փորձում ենք զոհի կարգավիճակը՝ այսինքն այն խմբի, որը երկար ժամանակ ենթարկվել է ցեղասպանության, կապել այդ զոհ-խմբի գործողությունների հետ։ Արդյունքում ասվում է, թե միջազգային դավադրությունների հետևանքով մենք ինչ-որ բան ենք արել, ինչին ի պատասխան Թուրքիան իրականացրել է ցեղասպանություն, ինչը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը ո՛չ գիտական, ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Մասնավորապես, երեկ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «19-րդ դարի կեսերից սկսված և 1915 թվականին իր ողբերգական գագաթնակետին հասած հայ ժողովրդի մասնակցությամբ միջազգային ինտրիգների արդյունք էր»։

Փորձագետն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը և ընդհանրապես ցեղասպանությունները հանցավոր կուսակցության, հանցավոր կառավարության կողմից ընդունված քաղաքական որոշման արդյունք են։

«Այս դեպքում նշանակություն չուներ, թե ինչպես էին իրենց պահում հայերը, ինչ էլ նրանք անեին, ցեղասպանությունը միևնույն է տեղի էր ունենալու, որովհետև այն ծնվել էր երիտթուրքական էլիտայի մտքում, ծնվել էր բազմաթիվ պատճառներով։ Այդ պատճառներն այնքան բազմազան են ու բազմաշերտ, որ շատ դժվար է դրանք ձևակերպել մեկ նախադասությամբ»,- նշել է Սուրեն Մանուկյանը։

Ցեղասպանագետի խոսքով՝ ցավոք, այն մարդիկ, ովքեր այնքան էլ ծանոթ չեն թեմային և խորությամբ չեն ուսումնասիրել այն, միշտ գայթակղություն ունեն փորձել մեկ նախադասությամբ բացատրել, թե ինչու տեղի ունեցավ ցեղասպանությունը։

«Բայց միևնույն ժամանակ մենք բախվում ենք անընդունելի մի երևույթի, որը կոչվում է «զոհին թիրախավորել», զոհի մեղսակցության ընդգծում, ինչն, իմ կարծիքով, սխալ է, քանի որ, ի վերջո, նույնիսկ եթե նայենք Հայոց ցեղասպանության պատմական տարիներին՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, մենք՝ հայերս, շատ լոյալ ժողովուրդ էինք։ Մենք թուրքական բանակի կազմում մասնակցել ենք Առաջին համաշխարհային պատերազմին, մենք նույնիսկ օսմանյան բանակի հերոսներ ենք տվել, և այս առումով մեզ մեղադրել միջազգային ուժերի ազդեցության տակ կատարված գործողությունների մեջ, որոնք հանգեցրել են ցեղասպանության, բարոյապես սխալ արարք կլիներ»,- ասել է նա։