Логотип

Փաշինյան․ Առաջիկայում տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հանդես է եկել ելույթով:

Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհավորելով բոլորիս սահմանապահի օրվա առիթով, նախ ուզում եմ սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել իրենց ծառայության համար։

Այսօր ձեր ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից։

Հաջորդ կարևոր նորությունը, որ մենք ունենք արդեն երկու տարի, Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12–կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Եվ սա նույնպես շատ կարևոր և բացառիկ իրավիճակ է, և պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների պահունակները, ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պայուսակների մեջ դրած։

Սա, իհարկե, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի, կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, և և սա մեզ ստիպում է մտածել կամ նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը սովորաբար խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն։

Մեր ցանկությունն ու նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո։ Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Առաջիկայում, իհարկե, մենք կշարունակենք և ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատումը»։

News.am