Ռուսաստանն անելու է այն ամենը, ինչը համապատասխանում է Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերին, որպեսզի Մերձավոր Արևելքում հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նշել է՝ Ռուսաստանում հույս ունեն, որ իր անկախության և ինքնիշխանության համար խիզախորեն ու հերոսաբար պայքարող Իրանի ժողովուրդը կկարողանա հաղթահարել փորձությունների շրջանը:
«Իհարկե, մեծ հույս ունենք, որ հենվելով այդ խիզախության և անկախության ձգտման վրա՝ Իրանի ժողովուրդը, նոր առաջնորդի ղեկավարությամբ, կանցնի փորձությունների այս բարդ շրջանը, և խաղաղություն կլինի», – ասել է Ռուսաստանի նախագահը:
Իրանի արտգործնախարարն այսօր ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ Ռուսաստան այցի ընթացքում կքննարկի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության շուրջ իրավիճակի զարգացումը:
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԶՈւ ԳՇ Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Իրանական պատվիրակության կազմում, Արաղչիից բացի, ընդգրկվել են նաև Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
Sputnik Արմենիա
