Логотип

ՏՈՒԳԱՆՔԻ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՊԻԱՐԻ ՄԱՏԵՐԻԱԼ

Վերջին ժամանակներս Հայաստանի կառավարության ներկայացուցիչները և անձամբ դրա ղեկավարը ինչ-որ հազվադեպ են հիշում և հիշեցնում հասարակայնությանը, որ երկրի քաղաքացիները պետք է հայտարարագրեր լրացնեն նախորդ տարվա եկամուտների մասին: Կար մի շրջան, երբ Փաշինյանը գրեթե ամենշաբաթյա ռեժիմով Facebook-ի միջոցով տվյալներ էր ներկայացնում, թե քանի հայտարարագիր է արդեն ներկայացվել և որքան գումար է պետբյուջեով հատկացվել այդ գործընթացի խրախուսման համար՝ այսպես կոչված սոցիալական վարկերի տեսքով։ Ներկայումս, դատելով ամենից, իշխանության պիար-էնտուզիազմն այս հարցում սպառվել է։

ՄԻՆՉԴԵՌ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԻՆ ՄՆՈՒՄ Է ԳՐԵԹԵ 2 ԱՄԻՍ։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ հունիսի կեսերին իրենց նախորդ տարվա եկամուտների մասին տեղեկատվություն են ներկայացրել երկրի շուրջ 70 հազար քաղաքացիներ, ինչը կազմում է բոլոր նրանց թվի 8%-ից պակաս, ովքեր պարտավոր են դա անել: Հիշեցնեմ, որ խոսքը մոտ 900 հազար ֆիզիկական անձանց մասին է։ Եթե հաշվի առնենք, որ ամեն շաբաթ հայտարարագիր է ներկայացնում միջինը 2-3 հազար մարդ, ապա մինչև նոյեմբերի 1-ը տվյալ ընթացակարգն անցած անձանց ընդհանուր թիվը կարող է ավելանալ ևս 50 հազարով։ Եթե նկատի առնենք նաև այն փաստը, որ վերջնաժամկետի մոտենալուն զուգընթաց գործընթացը, ամենայն հավանականությամբ, կարագանա, ապա տեսականորեն կարելի է ենթադրել, որ ժամկետի մեջ կտեղավորվի առավելագույնը 150 հազար մարդ: Ընդգծեմ, որ դա՝ լավագույն դեպքում։

Ապրիլի վերջին կառավարության նիստում Փաշինյանը, անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման թեմային, հայտարարեց, որ գործընթացի վերջնաժամկետն այլևս չի երկարաձգվի: «Որ նախարարն ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի»,- ասաց Փաշինյանը: Բնականաբար, նման նախազգուշացումից հետո ոչ ոք անիրատեսական ժամկետի վերանայում չի նախաձեռնի, և, համապատասխանաբար, մինչև նոյեմբերի 1-ը երկրի մոտ 700 հազար քաղաքացիներ կհայտնվեն օրենքը խախտողների թվում։ Այստեղ նշենք, որ նույն օրենքի համաձայն, հայտարարագիր չներկայացնողները սկզբում (դեկտեմբեր ամսվա ընթացքում) կստանան համապատասխան նախազգուշացում, իսկ արդեն դեկտեմբերից կտուգանվեն 5000 դրամով: Այսպիսով տարեվերջին Հայաստանի կառավարությունը կստանա հսկայական «տուգանքի մատերիալ»՝ ի դեմս երկրի հարյուր հազարավոր քաղաքացիների։ Ամենահամեստ հաշվարկներով՝ խոսքը կարող է վերաբերել ավելի քան 3 մլրդ դրամի տուգանքների ընդհանուր գումարի։ Եվ սա՝ միայն մեկ ժամկետանց և տուգանային ամսվա համար:

Ասենք, բնավ փաստ չէ, թե ստեղծվող իրավիճակը իշխանությունն օգտագործում է բյուջեն համալրելու համար ։ Չէ որ «տուգանքի մատերիալը» կարելի է «ինքնապիարի մատերիալի» վերածել նախընտրական քարոզարշավում։ Այո, Փաշինյանն իր ենթականերին արգելեց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգում առաջարկել։ Բայց իրեն էլ հո ոչ մի բան չի արգելել։ Ուստի նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ ինքը՝ ներկայանալով իր ընտրազանգվածին համաքաղաքացիների հանդեպ հոգատարություն ցուցաբերող մեծ բարերարի կերպարանքով։ Կարող է լինել նաև այլ սցենար. բուն տուգանային պատժամիոցների ժամանակավոր չեղարկում։ Այսպես թե այնպես, եկամուտների հայտարարագրման համակարգը տարբեր կերպափոխումների միջոցով կարող է դառնալ նախընտրական արշավի էական տարր։

Այլ բան է, որ բնավ դա չէր այդ համակարգի ներդրման գլխավոր նպատակը։ Իրականում այն մտահղացվել և ներկայացվել էր որպես հակակոռուպցիոն պայքարի գործիք։ Իսկ փաստացի վերածվում է, մի կողմից՝ նախընտրական պայքարի գործիքի, մյուս կողմից՝ երկրի բյուջեն քաղաքացիների հաշվին համալրելու միջոցի…