Логотип

ԱՐԴՅՈՒՆՔ ՉԿԱ, ԿԱ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ․ ՊԼԱՍՏԻԿ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ

Հայաստանում պլաստիկ վերամշակող գործարանները հետզհետե փակվում են։ Պատճառն այն է, որ աշխատում են այսպես ասած՝ վնասով։ Panorama.am-ի հետ զրույցում «Նեքոպօլիմեր» ընկերության հիմնադիր և տնօրեն Վարուժան Աբրամեանն ասում է, այս պահին Հայաստանում կապրոն (հիմնականում, գազավորված հյութերի տարաներն են) տեսակի պլաստիկի մշակությամբ զբաղվող միակ ընկերությունն է, մնացած ընկերությունները վերջին տարիներին փակվեցին, չդիմացան շուկայում։

Գործարանում պլաստիկե շշերը վերածվում են մանր կտորների, տոփանվում մեծ պարկերում։ Իսկ շշերի կափարիչները հավաքվում են առանձին, քանի որ այն պլաստիկի այլ տեսակին է պատկանում։ Դա էլ կվերավաճառվի ներքին շուկայում՝ մրգի զամբյուղների, կախիչների կամ դույլերի պատրաստման համար։

«Կան պլաստիկ մշակողներ, սակայն նրանք ոչ բոլոր տեսակի պլաստիկն են կարողանում մշակում։ Նրանք ևս առանձնացնում են պլաստիկի այս տեսակները և վերավաճառում մեզ։ Բարդ տեխնոլոգիա է, բոլորը չեն կարող մշակել։ Բացի դրանից, վերջին տարիներին, ռուբլու արժույթի անկմամբ պայմանավորված, շահույթ չենք ստանում։ Ընդամենը երեք ընկերություն կար Հայաստանում, փակվեցին, մնացել է միայն իմ ընկերությունը։ Մենք էլ դեռ դիմակայում ենք դժվարություններին»,- ասաց Վարուժան Աբրամեանը։

Վերամշակված պլաստիկը հիմնականում արտահանում են Ռուսաստան։ Համագործակցությունն այս երկրի հետ է, մանրամասնում է վերամշակող ընկերության ղեկավարը։

«Ռուսաստանում պլաստիկի այս տեսակից սինդիպոն են արտադրում, հետո օգտագործում տեքստիլի, կահույքի արտադրության և այլ ոլորտներում։ Եթե Հայաստանում կարողանայինք արտադրել սինթետիկ այս նյութը, շատ լավ կլիներ, բայց դրա համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ։ Եթենդրենք՝վերամշակված պլաստիկի արժեքը 1կգ-ը վաճառվում է 300 դրամով, բայց եթե վերածվի սինդեպոնի, ապա նվազագույն արժեքը կլինի 1կգ-ի համար՝ 700 դրամ։ Ես այդ ներդրումները չեմ կարող անել, քանի որ վնասով եմ աշխատում։ Եթե լինեն մարդիկ, որ կցանկանան համագործակցել կամ ներդրումներ անել, կդիտարկենք։ Հայաստանում կան փոքր քանակի սինդեպոն արտադրող ընկերություններ, որոնց արտադրությունը օրական կարող է կազմել առավելագույնը 50-60 կգ , սա եկամուտ ստանալու համար չնչին ծավալ է։ Առնվազն՝ օրական 1-2տոննա քանակ պետք է ստանալ, որպեսզի եկամտաբեր լինի, իսկ դրա համար պետք են լուրջ սարքավորումներ։ Սինդեպոնի պահանջարկը և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս մեծ է»։

«Նեքոպօլիմեր» ընկերությունն այն ընկերությունն է, որը համագործակցում է նաև Երևանի քաղաքապետարանի հետ։ Ընկերության ղեկավարն ասում է, որ քաղաքապետարանից ստանում են պլաստիկի հումք, հումքի խնդիր չունեն,տարեց տարի քանակն ավելանում է, շատ հումք կա և հաճախ չեն կարողանում ընդունել։ Եթե եկամտաբեր լիներ, ապա կավելացնեին հոսքագծերն ու ավելի շատ վերամշակված պլաստիկ կստանանային։

«Եթե իմ ընկերությունն էլ փակվեց, ի՞նչ է լինելու հավաքված պլաստիկի հետ, ու՞ր են տանելու, կուտակվելու է աղաբավայրում, արևի տակ ու վնաս հասցնի շրջակա միջավայրին։Գիտեք, այրվող պլաստիկն ավելի վտանգվոր է շրջակա միջավայրի ու մարդու առողջության համար։ Որևէ աջակցության ծրագիր կամ խնդիրների լուծման առաջարկ չենք ստանում պատկան մարմիններից։ Միայն լսում են ու վերջ։ Ես այս տարածքը ձեռք եմ բերել 2020թ․-ին ՝ քովիդի դժվարին ժամանակներում, մեծ դրումներ եմ արել, հիմա այլևս չեմ ուզում ներդնել։ Եթե ես իմ այս 8000 քառ․ մետր տարածքը վարձով տայի, ավելի շատ եկամուտ կունենայի մեկ ամսում, քան հիմա այս չարչարանքի դիմաց ենք ստանում։ Եթե շահութաբեր գործ լիներ, ավելի ոգևորված կլինեի, ավելի շատ ներդրում կանեի, կընդլայնելի գործը, բայց հիմա ոչինչ չենք ձեռնարկում, մինչև հասկանանք, թե երբ կավարտվի Ուկրաինայի հետ պատերազմն ու հուսանք՝ ռուբլու արժեքը կբարձրանա»

Օրական 2-3 տոննա պլաստիկ են մշակում։Այսինքն՝ նույնքան պլաստիկ մեկ օրում չի տեղափոխվում աղբավայր։ Վերամշակված պլաստիկը կուտակում են կառուցված մեծ անգարում,որից հետո բեռնատարներով տեղափոխում ՌԴ։ Մաքսային կետերում խնդիրներ չեն առաջանում, խնդիրն այս պահին շարունակում է մնալ միայն ռուբլու ցածր կուրսը։ Վերամշակող ընկերության հիմնադիրն ասում է, որ որևէ արտոնություն պետության կողմից չեն ստանում։

«Անտոկոս կամ ցածր տոկոսներով վարկ կամ գուցե սուբսիդավորում, որևէ արտոնություն չունենք։ Մեր ոլորտն անտարբերության է մատնված։ Շատ կարևոր է տեսակավորելը,այո, տեսակավորման տարաներն ավելացնելը, բայց քաղաքապետարանը բերում է հանձնում մեզ՝ վերամշակող ընկերությանը։ Եթե հիմա մենք էլ փակվենք, ի՞նչ են անելու։ Հայաստանում չկա մեկ այլ վերամշակող ընկերություն, որը մշակում է այս պլաստիկը։ Այսինքն՝ մշակողի մասին էլ պետք է մի քիչ մտածել»,- ասաց նա։

Panorama.am