Փորձագետների մտահղացմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է «Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի» ղեկավարների գագաթնաժողով նախաձեռնի՝ ներկայացնելով կարևորագույն հանքանյութերի և տրանսպորտային երթուղիների ռազմավարությունը։ Ծրագիրը նկարագրվում է որպես «կրկնակի հարված» Ռուսաստանին և Չինաստանին,- գրում է «Կավկազար» Telegram-ալիքը։
Ինչպես նշում է ալիքը, առաջին քայլն անվանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և «Թրամփի երթուղու» (TRIPP) գործարկումը, որը պետք է կապի Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան՝ շրջանցելով Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։
«Այնուամենայնիվ, նախագիծն ինքնին ներկայումս գոյություն ունի միայն թղթի վրա, քանի որ միջանցքում բացակայում են ենթակառուցվածքները, հստակ համաձայնագրերը և իրական անվտանգությունը։
Երկրորդ քայլով Վաշինգտոնում ցանկանում են մրցակցությունը տեղափոխել Միջին Ասիա։ ԱՄՆ-ը հույս ունի խաթարել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը՝ իր վրա վերցնելով ուրանի և հազվագյուտ հողերի արդյունահանման ոլորտը։ Դրա համար առաջարկվում է գագաթնաժողով՝ Միջին Ասիայի բոլոր հինգ ղեկավարների և Հարավային Կովկասի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սակայն, տարածաշրջանը խորապես ինտեգրված է Ռուսաստանին և Չինաստանին, իսկ «բաժանվելու» վրա դրված խաղը սպառնում է ապակայունացմամբ և կառավարությունների վրա գործադրվող ճնշմամբ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը ռազմավարությունը ներկայացնում է որպես տարածաշրջանի անկախության նկատմամբ հանձնառություն, բայց իրականում այն վերաբերում է մրցակիցներին դուրս մղելուն և ռեսուրսների նկատմամբ վերահսկողությունը ամրապնդելուն։ Կարճաժամկետ հեռանկարում նման ծրագրերը թվում են ուտոպիական, քանի որ նախագծերի մասշտաբները և Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարության դիմադրությունը կասկածի տակ են դնում դրանց իրականացումը», – կարծում է Կավկազարը։