Логотип

ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՊԱՏԱՆԴ ԵՆ ՊԱՀՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար, «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ: Այդպիսիք, իհարկե, վաղուց չեն զարմացնում մեզ. հատուկենտ օրեր են անցնում առանց ապշեցնող ու ցնցող նորությունների, իշխանությունների հայտարարությունների կամ մամուլի բացահայտումների։ Բայց այն, ինչ պատմեց Քերոբյանը «168 ժամ»-ի եթերում, կարելի է վստահորեեն անվանել իսկապես արտառոց:

ՔԵՐՈԲՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԴԻՐՔԵՐ ԲԱՐՁՐԱՑՈՂ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ։ «Կան վկայություններ, ես տեղերն էլ գիտեմ այդ դիրքերի, որտեղ մեր զինվորները գնում են Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից զննում անցնելուց հետո։ Երկու օրվա սնունդ, երկու փամփշտատուփից ավելին ադրբեջանցիները չեն թույլատրում, որ անցկացնեն։ Մինչև փոխարինող զինվորը չգա, այնտեղի զինվորներին թույլ չեն տալիս դուրս գալ»,- պատմեց նա։

Եվ հասկանալով, թե որքան ցնցող-անհավանական են հնչում իր խոսքերը, ասաց. «Կրկնում եմ, Հայաստանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող մարտական հենակետերում ադրբեջանցիները հայ զինվորներին զննում են, նոր թույլատրում բարձրանալ։ Այդ տղաներին պատանդ են պահում»։

Ռազմական փորձագետի հավաստմամբ՝ և՛ ՀՀ պաշտպանության նախարարությունում, և՛ Գլխավոր շտաբում շատ լավ գիտեն այդ մասին, գիտեն, որ խոսքը Սյունիքի մարզում Սև լճի տարածքում հայկական վերահսկողության տակ գտնվող դիրքերի մասին է: «Ցավալի է, բայց եթե կռիվ եղավ, մեր տղաները գերիներ են դառնալու, կամ՝ ավելի վատ։ Այնտեղ մեր զորքն անցնում է նվաստացման միջով, և այս մասին մեր Պաշտպանության նախարարությունը գիտի. մեր զինվորներին զննում են՝ անգամ գրպանները»,- ընդգծեց Քերոբյանը։

Այսինքն հերիք չէ, որ ադրբեջանական զինուժն արդեն չորսուկես տարի բռնազավթել է Հայաստանի ավելի քան 200 քառ.կմ տարածք և ազատ բնակռել այնտեղ, դեռ ի լրումն էլ հայ մարտիկներն իրենց դիրքերն են բարձրանում միայն նվաստացուցիչ խուզարկությունից հետո… Հնարավո՞ր է պատկերացնել նման բան: Հարցն այս բացարձակ անտեղի է թուրքական դրածոների իշխանության օրոք։

Այսօր արդեն նոյեմբերի 21-ն է, այսինքն հարցազրույցից անցել է 3 օր, բայց ՊՆ-ից ձայն-ծպտուն չկա, լռում է նաև Գլխավոր շտաբը։ Ասես այդպես էլ պետք է լինի, կարծես դա չի վերաբերում իրենց բացարձակապես: Իսկ նախարար Պապիկյանն ընդհանրապես թրև է գալիս (թեև գուցե արդեն հասցրել է վերադառնալ) «Dubai Airshow 2025» ցուցահանդեսում, որտեղ նա նույն օրը՝ նոյեմբերի 18-ին, պաշտոնական հաղորդագրության համաձայն, «մասնակցել է միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը և ներկա եղել օդային ցուցադրություններին»։ Այնուհետ «շրջել է տաղավարներում, ծանոթացել ցուցանմուշներին»։

ԹԵ ԻՆՉ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՈՒՍՈՒՑԻՉՆ ՕԴԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ և ինչու պիտի անձամբ ներկա լիներ ավիաշոուի բացմանը, տվյալ դեպքում այնքան էլ կարևոր չէ: Մանավանդ եթե հաշվի առնենք Պապիկյանի (ինչպեսև, ի դեպ, ձրի ուղևորությունների հնարավորություն ստացած փաշինյանական թայֆայի մյուս բոլոր անդամների) առանձնահատուկ սերը արտասահմանյան շրջագայությունների նկատմամբ։ Այսպես, հոկտեմբերին պաշտպանության նախարարն անհրաժեշտ համարեց բավական երկար այցով մեկնել ոչ այլուր, քան օվկիանոսից անդին՝ ԱՄՆ, ընդամենը նրա համար, որ անձամբ հետևի զինվորական նոր համազգեստի մշակման գործընթացին և հընթացս մասնակցի ինչ-որ հերթական ցուցահանդեսի բացմանը։

Բայց, կրկնեմ, դա չէ գլխավորը։ Շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ ՊՆ-ի և ԳՇ-ի լռությունը պերճախոս կերպով հաստատում է Քերոբյանի խոսքերը. նրանք շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում։ Այն մասին, որ հայ զինվորներին հայկական հողի վրա նվաստացնում և խուզարկում են ինչ-որ ասկյարներ, որոնք իրենց տեր ու տիրակալ են զգում, ինչպես սիրում է ճղավել օկուպացիոն ռեժիմի պարագլուխը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։

Գիտեն ու լռում են, և նույնիսկ երբ գաղտնին դառնում է բացահայտ, հարկ չեն համարում որևէ բացատրություն տալ։ Դա, իհարկե, շատ ավելի դժվար է, քան ներկա լինել ցուցահանդեսի բացմանը դեմքի կարևոր արտահայտությամբ կամ հետևել ավիաշոուին։

Մեկ շաբաթ առաջ, երբ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն իր ֆեյսբուքյան էջում ընդամենը հրապարակել էր թուրքական կայքի հաղորդագրությունը «Հայաստանում 10 մզկիթ կառուցելու» ծրագրերի մասին, իշխանական ոհմակը տիեզերացունց աղմուկ բարձրացրեց։ Այդ «լաչառների երգչախմբում» առաջինը Փաշինյանի մամլո խոսնակ «չոլկա Նազոն» էր, որն ակնթարթորեն բռնկվեց «արդար» ցասումից. իբր՝ ինչպե՞ս կարելի է առանց հավաստիության ստուգման նման բան հրապարակել։

Դե, և ո՞ւր ես, Նազո, հիմա, երբ ռազմական փորձագետը ցնցող փաստեր է հնչեցնում այն նվաստացման մասին, որին ենթարկվում են հայ զինվորները իրենց հողի վրա: Ինչո՞ւ չես վրդովվում, չէ որ Քերոբյանի ասածն ամենաուղղակի կապ ունի ոչ միայն ՊՆ-ի, Պապիկյանի ու ԳՇ-ի, այլև քո անգին շեֆի հետ, քանզի հասկանալի է, որ նման բան չի կարող տեղի ունենալ առանց նրա գիտության։

ԱՎԵԼԻՆ, ԿԱՍԿԱԾԻՑ ՎԵՐ Է, ՈՐ ՀԵՆՑ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, և հենց Նիկոլն է հրամայում Բանակի ղեկավարությանը ոչ մի քայլ չձեռնարկել դրա դեմ և լռել:

Իսկ եթե նման բան չկա, և Քերոբյանի ասածը լոկ ընդդիմության հերթական «ստոր զրպարտանքն» է իշխանության դեմ, ապա ինչո՞ւ հերքում չի հնչում, ինչո՞ւ թքող Ալենը դատի չի տալիս նրան զրպարտանքի համար:

Վախկոտ «գեներալակազմի» մասին, որը հլու-հնազանդ կատարում է «գերագույն գլխավոր հրամանատարի» ցանկացած, նույնիսկ այդպիսի կարգադրությունը և թույլ է տալիս այդ աստիճան նվաստացնել ոչ միայն իր զինվորներին, այլև հենց իրենց, խոսելն արդեն վաղուց ավելորդ է. այնտեղ չկան ո՛չ իսկական գեներալներ, ո՛չ իսկական զինծառայողներ, համատարած հաճկատարներ ու ստորաքարշներ են, որոնք սողում են դավաճանների ոհմակի առաջ։

Եվ այն բանից, որ շուտով նրանք նաև ՆԱՏՕ-ի նմուշի զինվորական համազգեստ են քաշելու վրաները, որի արտադրությունը վերահսկում է անձամբ Պապիկյանը, բացարձակապես ոչինչ չի փոխվի։ ՚

Եվ սա ամենն է, որ պետք է իմանալ և՛ «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի ինքնիշխանություն ստանալու», և՛ Նիկոլի ժամանակների բանակի մասին. «ելակից ու անդրավարտիքներից» մինչև ադրբեջանցիների կողմից հայ զինվորների խուզարկություններ, որոնք փաստացի պատանդ են դարձել հայկական տարածքում։ Գուցե Փաշինյանն իր ռազմական «նվաճումների» ցուցադրման մեջ առավել համոզիչ լինելու համար 50 պարապ-սարապներից բաղկացած հերթական խմբաքանակը տանի հենց Սյունիքի այդ դիրքե՞ր։