Логотип

Ձեր ճռճռան խոսքերը բախվելու են իրականության պատին և փշրվելու են. Վարդանյանը` նախարարին

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուղղակի իշխանության նախընտրական քայլն է, այլ ոչ թե խնդիրներ լուծող ծրագիր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախագիծը` առաջին ընթերցմամբ։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` ՀՀ բնակչությանն իսկապես պետք է լավ, տրամաբանված առողջապահական ապահովագրական համակարգ, սակայն այս նախագիծը դա չէ։

«Մարդիկ կոնկրետ գիտեն, թե որքան են վճարելու հունվարի 1–ից ապահովագրության համար, սակայն հստակ չգիտեն` ինչի դիմաց են վճարելու։ Չկա այդ ցանկը։ Այս նախագծի խնդիրը տեխնիկական չէ, այլ այն, որ դուք այն բերել եք նախընտրական տրամաբանության մեջ ու այստեղից են սկսում բոլոր խնդիրները»,– հայտարարեց Վարդանյանը։

Նրա համար անընդունելի է նաև այն, որ իշխանությունը հինգ տարուց ավելի է` քննարկել է այս նախագիծը, այն նախատեսում է հունվարի 1–ից ներդնել, սակայն դեկտեմբերի 2–ին դեռ հազիվ առաջին ընթերցմամբ քննարկում է անցկացնում։

«Մեգաապահովագրական եք սարքում` ընդամենն ուսումնասիրելով դաշտում առկա մասնավոր ընկերությունների հաջողված, կայացած փորձը, սակայն ձեր պատկերացումներով ու հնարավորություններով»,– նշեց Վարդանյանը։

Նրա համար հասկանալի չէ, թե ինչու պետությունը չգնաց հիբրիդային տարբերակին, այսինքն` ինքն ապահովեր բազայինը` նվազագույն, անհրաժեշտը, իսկ մասնավորը ապահովեր մյուս փաթեթները, որոնք քաղաքացին կցանկանար ձեռք բերել։

«Մենք ընդամենը մի քանի ամիս անց բախվելու ենք այն պատկերին, որ ձեր (նկատի ունի առողջապահության նախարարին–խմբ.) շատ սիրուն, ճռճռան խոսքերը ուղղակի բախվելու են իրականության պատին և փշրվելու են, որի համար ես շատ ափսոսում եմ, քանի որ, այո, սա կարևորագույն նախագիծ էր»,– եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Աննա Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց, որ գրավոր առաջարկ է ներկայացնելու, որ ապահովագրական համակարգի մեջ ներառվեն 63 տարեկանը բոլորած բոլոր թոշակառուները, այլ ոչ թե 65 տարեկանից սկսած անձինք, ինչպես նշված է նախագծում։

«Զրուցել եմ պոլիկլինիկաների աշխատակիցների հետ, և նրանք չեն պատկերացնում, թե հունվարի 1–ից ինչ է իրենց սպասում, ինչի հետ են իրենք առերեսվելու։ Միակ բառը, որ բնորոշում է այս ամբողջ գործընթացը, անորոշությունն է»,– հայտարարեց Գրիգորյանը։

Նրան նաև հետաքրքրում էր այն, թե նախարարություն ի՞նչ է անելու, որ հերթեր չգոյանան պոլիկլինիկաներում, բացի այդ` բուժքույրերի աշխատավարձերը համարժեք բարձրանալո՞ւ են, թե՞ ոչ։ Առանց այս խնդիրների լուծման, ըստ պատգամավորի, այս համակարգը դատապարտված է ձախողման։

Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։

Sputnik Արմենիա