Նախորդ դատական նիստերից մեկի ավարտից հետո նիստերի դահլիճում գտնվող երկու ոստիկանների կողմից իմ վստահորդ Վարդան Ղուկասյանի, նաև Սպատակ Ղուկասյանի նկատմամբ եղել են կեղծ, զրպարտչական, սուտ մատնություն, և իմ վստահորդի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2–ին, դատարանի դահլիճում նշեց Գյումրիի քաղաքապետի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
«Այդ հանրային քրեական հետապնդումը հարուցվեց, ես կարծում եմ՝ հատուկ պատվերի ներքո, որովհետև ամբողջը ուղիղ եթերում հեռարձակվում էր և ես չեմ լսել այնտեղ հայհոյանքներ։ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառվեց կալանավորում, միաժամանակ կիրառվեց չափազանց կտրուկ սահմանափակում, ընդհուպ մինչև արգելելը շփվել ընտանիքի անդամների հետ։ Մինչդեռ դատարանի դահլիճում եղել էր խոսակցություն, որը չէր պարունակել որևիցե արգելված բառ, այսինքն որը կարող էր դիտարկվել որպես խուլիգանություն կամ հայոյանք։ Դա եղել է սուտ մատնություն այստեղ գտնվող ոստիկանների կողմից»,–ասաց նա։
Վարդան Ղուկասյանը տեղից նետեց. «Իրենց պատվերն է»։
Փոստանջյանը շարունակեց. «Վարդան Ղուկասյանի նկատմամբ ցանկացան ճնշում գործադրել և Սպարտակ Ղուկասյանին էլ կալանավորեցին։ Դուք գիտեք, որ և՛ Սպարտակ Ղուկասյանը, և՛ Վարդան Ղուկասյանը մի մեծ ընտանիք են, ապրում են մի տան մեջ և հիմա այդ ընտանիքը զրկվել է երկու տղամարդկանցից։ Մենք ունենք մտավախություն իրենց անվտանգության մասով։ Այդ սուտ մատնիչները կարող են նորից սուտ մատնությամբ հանդես գալ հենց այս դահլիճում և դա հիմք դառնա մարդկանց պահելու կալանքի տակ։ Մենք դատարանից հայցում ենք ապահովել նրանց անվտանգությունը»։
Վարդան Ղուկասյանը նորից տեղից միջամտեց. «Կարող մի քիչ հետո էլ նույն ցուցմունք տան։ Չեմ կարող չխոսել, սիրտս պայթում է»։
Դատավորն արձագանքեց. «Դատարանը որևէ պարտականություն և իրավասություն չունի դատական նիստի ավարտի շրջանով ապահովելու մեղադրյալի անվտանգությունը։ Դրա համար կան իրավասու մարմիններ, որոնք իրականացնում են իրենց պարտականությունները։
Ինչ վերաբերվում է կեղծ մատնության մասին հայտարարություններին, եթե դուք ունեք տվյալներ ենթադրյալ հանցագործության մասին, ապա կարող եք ներկայացնել համապատասխան հանցագործության մասին հաղորդում»։
Նա նաև հավելեց, որ դատական նիստը հետաձգվում և նշանակվում է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 12:00–ին։
Նիստի ավարտից հետո Վարդան Ղուկասյանը հայտարարեց. «Կաշառքի գործով ՔՊ-ն է արել, ՔՊ-ի ժամանակահատվածում է, Գոմցյանի գործունեությունը արվել է ՔՊ-ի ժամանակահատվածից, և իրենք էլ ՔՊ-ական են։ Այս պատվերը իրենց կողմից է, մենք մաքուր ենք, մեր ձեռքերը մաքուր են։ Երբ որ Խանջյանին դատում էին որպես հակա, ասացին՝ դու շպիոն ես բոլոր ազգերի՝ Անգլիայի, Ամերիկայի։ Հետո ասեցին՝ Թուրքիայի։ Ասեց՝ էդ մեկը չէ։
Էդ անունը իմ վրա չի կպնում, բայց վերջում և քննիչները, և դատախազները, և դատավորները, եթե հանձնարարականով ինձ դատեցիք, խոսք եմ տալիս, մինչև կյանքիս վերջ, ոնց որ Պինոչետին իրենք այստեղ էին գտնվելու։ Դուք դա կտեսնեք։ Այդ հանձնարարականներով այս դատարանները, քննիչները, դատախազները պատասխան են տալու, որ իրենք իրենց աշխատավարձի համար, իրենց ընտանիքը պահելու համար մեզ պես մարդկանց կործանում են։ Բայց իրենք շան օրն է ընկնելու, որովհետև վերևն Աստված կա»։
News.am
