Логотип

ՇՈՒՐՋ 300 ՔՐՎԱՐՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎՐԱ ՀՈԴՎԱԾԸ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ

Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում ատելության խոսք տարածելու և բռնություն քարոզելու հրապարակային կոչերի հատկանիշներով շուրջ 300 քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդման է ենթարկվել 56 անձ, ինչը աննախադեպ բարձր ցուցանիշ է Հայաստանի քրեական արդարադատության համակարգի պատմության մեջ:

News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը տրամադրել է 2021-2025թթ ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 329 և 330 հոդվածների (նախկին ՔՕ 226 և 226․2 հոդվածներ) հատկանիշներով գրանցված հանցագործությունների քանակի, դրանցով քրեական հետապնդման ենթարկված և քրեական հետապնդումը դադարեցված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ տարեկան կտրվածքով։

Համաձայն ՆԳՆ-ի տրամադրած տվյալների՝ վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ ՔՕ 329 և նախկին ՔՕ 226 հոդվածների հատկանիշներով հարուցվել է 49 քրեական վարույթ, որից միայն 17-ը 2025 թվականի 10 ամիսների ընթացքում, իսկ 330-րդ և նախկին ՔՕ 226․2 հոդվածների հատկանիշներով՝ 241 քրեական վարույթ, որից միայն 68 –ը 2025-ի 10 ամիսների ընթացքում: (Մանրամասները տես աղյուսակում):

Նշենք, որ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը վերաբերվում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն. Այս հոդվածով նախատեսված է պատիժ տուգանքից մինչև ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Իսկ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, նախատեսված է պատիժ տուգանքից մինչև ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Մասնավորապես քրեական օրենսգրքի 329-րդ և 330-րդ հոդվածների հատկանիշներով քրեական վարույթներ են նախաձեռնվել թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանի, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ղարիբ Բաբայանի, նախկին ոստիկանապետիխորհրական, ակտիվիստ Նարեկ Մալյանի (նախկին քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդված), պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի (մահացել է 2022 թվականի հուլիսի 15-ին դատական նիստի ժամանակ. նա մեղադրվում էր 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար) և այլ հասարակական գործիչների և ֆեյսբուքյան օգտատերերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ բռնության քարոզը քրեական պատասխանատվության դաշտ էր բերվել դեռևս 2020 թվականի ապրիլի 15-ին, երբ լրացում էր կատարվել այն ժամանակ գործող քրեական օրենսգրքում և ավելացվել 226.2 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն էր սահմանում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար: Նոր քրեական օրենսգրքում այս հոդվածը համապատասխանեցվել է 330-րդ հոդվածին:

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին մի շարք իրավապաշտպաններ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազությանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ժողովրդավարական ազատությունների դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած ենթադրյալ հանցավոր գործողությունների մասին։

Հիմք ընդունելով վարչապետի՝ նախկինում արված բազմաթիվ գրառումներ և կոչեր, իրավապաշտպանները փաստել էին, որ Փաշինյանի հրապարակումները շատ քաղաքացիների մոտ ագրեսիա և անհանդուրժողականության տրամադրություններ են սերմանել: Այս արարքն ըստ իրավապաշտպանների՝ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին: Սակայն մինչ օրս դատախազությունը իրավական գնահատական չի տվել և չի լուծել նշված փաստով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:

Նշենք, որ դեռևս նախորդ տարվա փետրվարին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ էր համարել քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը՝ ընդգծելով, որ այդ հանգամանքը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ նաև ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու և այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։

Նկատենք, որ միջազգային իրավանորմերի և նախադեպային որոշումների համաձայն՝ ատելության կամ բռնության հրահրման փաստի առկայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպես, օրինակ՝ այն հանգամանքը, թե ում է ուղղված խոսքը, որքանով է այդ խոսքի հասցեատերը կամ թիրախավորված խումբը խոցելի տվյալ հասարակությունում:

Հաշվի առնելով այս հոդվածների մասսայական և կամայական կիրառության պրակտիկան, ինչպես նաև միջազգային իրավունքի լույսի ներքո մեկնաբանելով նշված դեպքերով հարուցված վարույթների աննախադեպ աճը, կարելի է արձանագրել, որ Հայաստանի դատախազությունն ու քննչական մարմինները, որպես «խոցելի խումբ» դիտարկում են ՀՀ քաղաքացիների հարկերից սնվող, պետական լայն լիազորություններ և լծակներ, անգամ անձեռնմխելիության երաշխիքներ ունեցող իշխանության ներկայացուցիչներին և քրեական հետապնդումների ենթարկելով հանրային գործիչներին և ֆեյսբուքյան օգտատերերին, իշխանությանը պահում են հատուկ պաշտպանության տակ:

News.am