Логотип

ՆՐԱՆՔ ԿՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՎ ՄԵՐ ԽԱՉԸ. ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱՆ

Ինչպե՞ս են պատմաբանները նկարագրելու այն իրավիճակը, որում մենք ապրում ենք վերջին յոթուկես տարիներին: Ի՞նչ են գրելու մեր՝ այս աներևակայելի այլանդակությունն ու խայտառակությունը հանդուրժող հայաստանցիների և Սփյուռքի ներկայացուցիչների մասին։ Ինչպե՞ս են անվանելու դավաճանների ոհմակի հանցակիցներին, օրինակ (վերջիններից)՝ Օպերայի և բալետի թատրոնի տնօրենին, որը հպարտանում է իր ազգականով և համատեղության կարգով տեղակալով, որը դեկտեմբերի 18-ին մագլցել է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի մուտքի խոյակին և կոչ արել իր հանցակից խուլիգաններին ու սրբապղծներին գրոհել սրբավայրը։

ԱՅՍ ԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐ ԿԱՐԵԼԻ Է ՏԱԼ ԱՆՎԵՐՋ, և դրանց պատասխանները կախված կլինեն բազմաթիվ գործոններից, որոնցից ամենագլխավորն այն է, թե կմնա արդյոք Հայաստանն այնպիսին, ինչպիսին ճանաչել է նրան մարդկության պատմությունը հազարամյակներ շարունակ, թե՞ կանցնի մոռացության գիրկը, թույլ տալով թշնամիներին իրականացնել իրենց դարավոր ծրագրերը: Բայց մեկ բան անվիճելի կլինի ապագա պատմաբանների համար. գնահատականը՝ նրանց, ովքեր զոհվեցին հանուն Հայրենիքի, և նրանց, ովքեր գիտակցաբար գնացին ինքնազոհ քայլի հանուն իրենց ժողովրդի։ Ովքեր հայտնվեցին Բաքվի բանտերում և նույնիսկ այնտեղ, չնայած աներևակայելի տառապանքին ու կտտանքներին, կարողացան մնալ Մարդ։

Ռազմիկ, որը պաշտպանում է իր համոզմունքները, սկզբունքները և ճշմարտությունը: Ծանրագույն պայմաններում անձնական և ազգային արժանապատվությունը պահպանած մարտիկ: Այն արժանապատվությունը, որ մենք կորցնում ենք ամեն օր ու ամեն ժամ՝ նվաստացում ու ամոթի զգացում ապրելով մեր երկրի համար, մեր Հայրենիքն աշխարհում ներկայացնող ղորմելի ու փտած արարածի համար, որն ամենաստոր, զազրելի հատկանիշների և ամենամեղսավոր ցանկությունների կենտրոնակետն է:

Արդեն երրորդ տարին է՝ Բաքվի զնդաններում են Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, և դժոխքի արդեն վեցերորդ տարին է նրանց համար, ովքեր հայտնվել են այնտեղ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Առ այսօր չկան նրանց գերեվարման հետ կապված բազմաթիվ հարցերի հստակ և վկայությամբ հաստատված պատասխանները։ Ինչպես որ չկան պատասխաններն այն հարցերի, որոնք կապված են Արցախի Հանրապետության նախկին և վերջին այն ներկայացուցիչների հետ, որոնք խուսափել են գերությունից:

Օրինակ, ինչո՞ւ գերեվարեցին Պաշտպանության բանակի նախկին ղեկավարներին, բայց ազատ արձակեցին նրա վերջին հրամանատարին, ինչպես նաև այն հրամանատարներին, ովքեր երկար տարիներ հարուցել են Բաքվի առանձնակի ատելությունը և նշանառության տակ եղել դեռևս Արցախյան առաջին ազատամարտի ժամանակներից։ Նրանցից ոմանց այսօրվա պահվածքը տալիս է դրա բացատրությունը, այդուհանդերձ ընդհանուր պատկերը մշուշոտ է մնում։ Եվ գուցե գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու Հայաստանի թուրքամետ ռեժիմը չի ցանկանում ամենահայտնի գերիներից ութի վերադարձը, ամփոփված է այդ փաստերն ընդմիշտ թաքցնելու հուսահատ ցանկության մեջ։

Այդուհանդերձ ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս ավելի ու ավելի շատ մանրամասներ, թե ինչ է կատարվել իշխանական միջանցքներում հայկական Արցախի վերջին օրերին։ Բոլորովին վերջերս որոշ մանրամասներ պատմեց հանրապետության վերջին նախագահը։ Նրա խոսքերով, ի սկզբանե կար այն մարդկանց ցուցակը, ում Բաքուն ցանկանում էր ստանալ 120 հազարանոց բնակչությանն առանց խնդիրների Հայրենիքը լքել թույլ տալու դիմաց, սակայն ցուցակն այնուհետ ենթարկվել է որոշ փոփոխությունների. ոմանց անունը ջնջել են, ոմանցն՝ ավելացրել։

ԱՅՍ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ, ՈՒՍՏԻ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՎԵՐԱՊԱՏՄԻ: Ընդգծենք միայն գլխավորը. բոլոր այդ մարդիկ տեղեկացված են եղել Ադրբեջանի պայմանների մասին, և նրանք բոլորն անխտիր չեն թաքնվել, չեն փորձել փախչել ինչ-որ այլընտրանքային ճանապարհներով՝ բացի տրամադրված միջանցքից, թեև ոմանք ունեին այդ հնարավորությունը։ Նրանք մնացել են մինչև վերջին պահը՝ փրկվելու հնարավորություն տալով հայրենակիցներին, և ինքնակամ հանձնվել են կամ թույլ տվել գերեվարել իրենց։ Գիտակցելով, որ իրենց որոշումից է կախված տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը:

Սրանք փաստեր են, որոնք արդեն ապացուցման կարիք չունեն, որքան էլ ճգնի նիկոլական քարոզչությունը և ինչ նողկալի սուտ էլ փորձի տիրաժավորել նրանց մասին. «Մոսկվայի պրոյեկտից» (Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ) մինչև «հրաժարում իրենց փրկելու համար Նիկոլի ուղարկած ուղղաթիռից»։

Թե ինչ էր կատարվել հետո գերության մեջ հայտնված այդ ութնյակի հետ, ընդհուպ մինչև 2025-ի հունվարի կեսերին դատական խեղկատակության մեկնարկը, այսինքն՝ գրեթե մեկուկես տարի, կարող են պատմել միայն իրենք։ Հեռավոր պատկերացում այն մասին, թե ինչ էր կատարվում արդեն անցնող տարվա ընթացքում, մինչ շարունակվում էին «դատավարությունները», մենք ստանում էինք ալիևյան մամուլի՝ «դատարանի» դահլիճ մտնելու թույլտվություն ստացած մեկ-երկու գործակալությունների ժլատ և հանգամանորեն գրաքննված հաղորդագրություններից, ինչպես նաև գերիների փաստաբանների և իրավապաշտպանների նույնքան ժլատ, բայց արդեն տեղեկատվության բացակայության պատճառով, տվյալներից։

Հիմա, երբ այս բացարձակ ապօրինի ինքնադատաստանները մոտենում են ավարտին և դրանց արդյունքը պարզ է նույնքան, որքան որ կանխատեսելի էր, պետք է փաստել, որ անցնելով բազում դաժան փորձությունների միջով՝ նրանք հավատարիմ են մնացել իրենց էությանը, Հայրենիքի հանդեպ իրենց պարտքին, իրենց առաքելությանն ու սկզբունքներին: Քանզի ինքնադատաստանների ընթացքի մասին տեղեկատվության այդ հատուկենտ տողերից անգամ պարզ է դառնում. այդ մարդիկ պահպանել են մտածողության հստակությունը, հնարավորության սահմաններում նրանք արտահայտում են իրենց դիրքորոշումը, գնահատական տալիս տեղի ունեցող անօրենությանը, պնդում իրենց անմեղությունն ու պաշտպանում իրենց ժողովրդի պայքարի իրավունքը։

Առանձին պետք է խոսել Ռուբեն Վարդանյանի մասին, որը նույնիսկ այնտեղից՝ Բաքվի բանտախցից, արիության ու իմաստության դասեր է տալիս ողջ աշխարհին. տառապանքով ձեռք բերված, ուստիև՝ առանձնակի արժեքավոր։ Ընտանիքի միջոցով նրա փոխանցած ուղերձներն ապշեցնում են մարդկային կյանքի, գործի, կոչման և նպատակի ըմբռնման խորությամբ։ Եվ, որքան էլ պարադոքսալ է, ուժ են տալիս մեզ՝ մեր երկրում ազատ ապրողներիս, և ոգևորում, որ թևաթափ չլինենք ու շարունակենք պայքարել։

Նրա «ՏաԹևեր» ճոպանուղին առաջվա պես լավագույնն է աշխարհում, նրա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է պարգևատրել ականավոր հումանիստներին, նրա նախագծերը Դիլիջանում շարունակում են գործել ու իրագործվել: Եվ դա նրա՝ Ռուբենի, և մեր հաղթանակն է, ոգու, բարության, բարոյականության և լույսի հաղթանակը:

ՆՐԱՆՔ ԿՐՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ, ԱՅԼԵՎ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ԽԱՉԸ, և դա իրենց ուսերին են առել գիտակցաբար ու իմաստավորված: Նրանք դա անում են այնտեղ, թշնամու բանտի ճաղերի հետևում, զուրկ պաշտպանությունից, աջակցությունից, երբեք չվերադառնալու և հարազատներին այլևս չտեսնելու վտանգի տակ, զուրկ տեղեկատվությունից և որևէ իրավունքներից. զուրկ գործնականում ամեն ինչից։

Բայց հաղթանակած՝ ի հեճուկս ամենի։ Եվ սա պարզապես գեղեցիկ խոսքեր չեն կամ իրողությունների թերագնահատում: Ալիևը երազում էր վերածել նրանց դեմ դատը «նյուրնբերգյան դատավարության», բայց ստիպված էր անցկացնել լոկ իր համար խայտառակ, փակ և կողմնակի ցանկացած աչքից թաքցվող ինքնադատաստան, որի մասին ճշմարտությունը, միևնույնն է, ի հայտ է գալիս։ Եթե ինչ-որ բան ցանկանում են այդքան ջանադրաբար թաքցնել, նշանակում է՝ դա վտանգավոր է: Ուրեմն Ալիևի համար վտանգավոր է մեր գերիների արտաբերած ցանկացած բառ, և հենց նրանց արիությունն ու անկոտրումությունն են ստիպում նրան թաքցնել այն, ինչ կատարվում է «դատարանի» դահլիճում՝ պատճառաբանելով դա ցուցմունքներ տվող ինչ-որ «տուժածների» առկայությամբ, որոնք նախկինում երբեք չեն տեսել իրենց «տանջողներին»։

Այդ մարդիկ՝ պատկերված ինքնադատաստանի նիստերի դահլիճում արված լուսանկարներում, որոնք մենք ուշադիր զննում ենք, մեր հույսն են, որ դեռևս ամեն ինչ կորած չէ: Բաքվի բանտում նրանք շարունակում են պայքարել հանուն այն ամենի, ինչի համար շատերն արդեն չեն էլ փորձում պայքարել, նրանք դեռ հավատում են այն ամենին, ինչին շատերը վաղուց դադարել են հավատալ։ Այդ ութնյակը և մնացած 15 գերիներն ու պատանդները, ինչպես նաև անանուն մնացած անհայտ գերիներն արժանի են, որ սպասենք իերնց ու հավատանք, որ վերադարձը հնարավոր է: Ոչ միայն հավատանք, այլև պայքարենք ու հասնենք դրան։

Նրանք մոռացված չեն. գրեթե ամեն ամիս աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր խորհրդարաններում կամ կազմակերպություններում հիշում են նրանց, արդարություն ու վերադարձ պահանջում։ Բուն Հայաստանում արդեն այնքան շատ են հավատի ու Հայրենիքի համար զնդանված «սեփական» բանտարկյալները, որ մենք երբեմն չենք հիշում նրանց, ովքեր մինչ օրս գերի են թշնամուն։ Բայց նրանք պետք է իմանան, որ իրենց համար անհանգստանում և սպասում են ոչ միայն ընտանիքներն ու մտերիմները, այլև հազարավոր հայեր և ոչ հայեր։ Դա արդեն պետք է ուժ տա նրանց ոչ միայն ապրելու, այլև փորձելու Բաքվի բանտերում անել այն, ինչն արել են իրենց ողջ կյանքում. պաշտպանել Հայրենիքը և իրենց ժողովրդի ու սեփական անձի արդար գործը։

Թող նրանք բոլորը վերադառնան Նոր տարում: Թող երկիրը ազատվի և մաքրվի չարից, չարքերից ու դևերից, որպեսզի վերջապես հասնի իր հավատարիմ որդիների ազատագրմանը: Նրանք մեր խիղճն են, մեր արժանապատվությունը և մեր պարտքը նրանց առջև, ովքեր երբեք չեն վերադառնալու…

Եվ թող հաջորդ Ամանորը լինի արդեն նրանց հետ՝ ազատագրված ու նորոգվող, պայքարող և ապագայի նկատմամբ հույսն ու հավատը պահպանած Հայաստանում: