Անցած շաբաթ լրատվական գործակալությունները մեծ հանդիսավորությամբ հաղորդեցին, որ «քաղաքացիական հասարակության» (ալիևյան ծառայանու պարագայում այդ բնորոշումն ինքնին զավեշտալի է հնչում) ադրբեջանցի ներկայացուցիչների հերթական և բավական պատկառելի գլխաքանակը՝ 19 հոգուց բաղկացած չափաբաժինը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանով։ Երկու կողմերի «ակտիվիստների» ազդարարած «խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցան ինչ-որ քննարկումներ և կլոր սեղան Ծաղկաձորում, ինչին հաստատ կհաջորդի հայկական խմբի պատասխան այցը:
ՄԻՆՉԴԵՌ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՈՒՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ամենայն հավանականությամբ, ստիպեց նրանց հանդես գալ «պարզաբանումներով», որոնք ավելի շատ նման են անշնորհք արդարացումների։ Եվ այդ արդարացումների գլխավոր կետը դարձավ այն պնդումը, թե «Հայաստանի և Ադրբեջանի հասարակայնությունը բավականաչափ հասունացել է ընդհանուր ապագան քննարկելու համար, սակայն, ցավոք, դեռևս պատրաստ չէ շոշափել ցավոտ անցյալը»:
Միանգամից նշենք, որ իշխանության կողմնակիցների այդ փոքր խմբի հավակնությունները՝ ներկայացնելու հայ հասարակայնության դիրքորոշումը, ինքնին բացարձակապես սնանկ են։ Սակայն շատ ավելի կարևոր են այդուհանդերձ ծագող այլ բնույթի հարցերը։ Այն է՝ ինչպե՞ս կարելի է առհասարակ «քննարկել ընդհանուր ապագան»՝ գործնականում հաշվի չառնելով ոչ միայն անցյալը, այլև նույնիսկ ներկան։
Օրինակ՝ այն փաստը, որ Ալիևը, «խաղաղության կամրջի» մասնակիցների հանդիպումներին զուգահեռ, «նացիստ» է անվանում Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներին՝ մեղադրելով նրանց «նացիստներից ավելի վատթար հանցագործություններ» կատարելու մեջ, անցյա՞լ է: Հայաստանի հանդեպ բացահայտ տարածքային նկրտումները և «Արևմտյան Ադրբեջանի» զավթախուժական գաղափարի լկտի առաջմղո՞ւմն էլ են անցյալ: Օկուպացված Արցախում հայ ժողովրդի անգին ժառանգության ոչնչացումը՝ դա՞ էլ է անցյալ։
Հայրենիք վերադառնալու արցախցիների իրավունքի կտրական ժխտումը նույնպես անցյա՞լ է, պարոնայք «ակտիվիստներ»։
Երեկ՝ փետրվարի 19-ին, Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության 24-րդ տարելիցն էր: Ոճրագործության, որը դարձավ հենց նոր գահ բարձրացած նախկին փլեյբոյ և ստամբուլյան խաղատների մշտական հաճախորդ Իլհամ Ալիևի այցեքարտը, որին պետք էր հենց այդ կերպ ինքնահաստատվել՝ որպես պապայից ժառանգած երկրի արժանի առաջնորդ։ Եվ կատարվեց դա նրա անմիջական հրահանգով. դատավարության ժամանակ ներկայացվել են դրա բազմաթիվ ապացույցներ։
ԱՎԵԼԻՆ, ՀԵՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԼԻԵՎՆ ԻՐ ԶՈՄԲԻ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ հունգարացի փաստաբանի շուրթերով հնչեցրեց սեփական քաղաքական հավատամքն ու ծրագրային թեզը. «Հայի սպանությունը հանցագործություն չի համարվում Ադրբեջանում»։ Սա բացահայտ մարտահրավեր էր քաղաքակիրթ հանրությանը և սեփական գլխավոր նպատակի ցուցադրում. սպանել, բնաջնջել հայերին, ոչնչացնել հայկական հետքը տարածաշրջանում և դրանով իսկ շարունակել Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը արդեն 21-րդ դարում:
Թե այդ ժամանակից ի վեր որքան արյուն կա հայ ժողովրդի և մարդկության դեմ գործած բազում ծանր ոճիրների մեջ մեղավոր այդ ահաբեկչի ձեռքերին, որքան սպանություններ կան նրա հաշվին, անհանար է չափել ու հաշվել։ Քանզի այս 24 տարիների ողջ ընթացքում Ալիևը հավատարիմ է մնում բուդապեշտյան իր հրեշավոր ուղերձին։
Նրա երկրում հայերի սպանությունը հանցագործություն չի համարվել ո՛չ 1988-ին Սումգայիթում ու Ադրբեջանի այլ քաղաքներում, ո՛չ էլ 1990-ին Բաքվում։ Չհամարվեց 1992 թվականին Մարաղայում, որտեղ մի քանի ժամվա ընթացքում ամենադաժան մեթոդներով սպանվեց մոտ 50 խաղաղ բնակիչ. կանայք, երեխաներ, ծերեր։ Չէր համարվում 2016-ին, երբ բուդապեշտյան մարդասպան Սաֆարովի հովանավորը հրապարակավ պարգևատրեց հայ զինվորի գլուխը կտրած և իր «ավարը» ցնծացող ցեղակիցներին ցուցադրող իր մեկ այլ սպայի։
Այդպիսին չէր համարվում 2020-ին Հադրութում, որտեղ ցուցադրաբար գնդակահարեցին երկու հայերի, իսկ սպանության տեսանյութը տեղադրեցին համացանցում։ Չէր համարվում Ջերմուկում 2022-ի սեպտեմբերին, երբ ամենադաժան ձևով խոշտանգվեցին ու սպանվեցին յոթ հայ կանայք, իսկ տեսանյութը, որը նորմալ մարդն անկարող է դիտել, կրկին տարածվեց համացանցում… Այս ցուցակը գործնականում անսպառ է:
Հինգ և երեք տարվա վաղեմության իրադարձություննե՞րն էլ են ընդամենը «անցյալ», պարոնայք «ակտիվիստներ»:
Վերադառնանք «բուդապեշտին»: Եվրոպան ցնցած հանցագործությունից անցել է 24 տարի։ «Ակտիվիստների» գնահատմամբ դա հաստատ «ցավոտ անցյալ» է, միայն թե Բաքվում այդ կարծիքին չեն։ Քանզի ընդամենը երեք ամիս առաջ հաղորդագրություն տարածվեց, որ Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանին շնորհվել է ադրբեջանական բանակի գնդապետի կոչում։ 2004 թվականին նա լեյտենանտ էր, այսինքն այս բոլոր տարիներին ալիևյան ռեժիմն ակտիվորեն պարգևատրել է իր «հերոսին»՝ բարձրացնելով ծառայողական աստիճաններով, և շռայլել նրան այլ բարիքներ։
ՍԱ՞ ԷԼ Է «ԱՆՑՅԱԼ», ՈՐԸ ԴՈՒՔ՝ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՅՈՒՐԱՑՐԱԾՆԵՐԴ, չեք ուզում քննարկել: Ուրեմն այդ ի՞նչ «ընդհանուր ապագայի» մասին եք խոսում նրանց հետ, ովքեր ջերմորեն հավանություն են տվել, աջակցել և մամուլում հրճվանքով նկարագրել են հայ ժողովրդի դեմ գործած ոճիրները։ Ովքեր մասնակցել են Արցախի ժողովրդի շրջափակմանն ու ցեղասպանությանը, ողջունել պատմական Հայրենիքից 120 հազար հայերի բռնի տեղահանումը, իսկ այնուհետ՝ հայկական սրբավայրերի բարբարոս ոչնչացումը:
Ովքեր աջակցել ու շարունակում են աջակցել հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությանը և, անկասկած, կաջակցեն այն ամենին, ինչ անում է միջազգային ահաբեկիչ Իլհամ Ալիևը:
Դուք «ընդհանուր ապագա» եք քննարկում նրանց հետ, ում համար հայի սպանությունը հանցագործություն չէ. ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում, ո՛չ էլ ապագայում։ Եվ դրանով իսկ ընդունում եք, որ ծառայում եք բնավ ոչ իրական արժեքներին, ոչ «խաղաղության կամրջին», այլ երկու բռնապետներին։ Ծանր հանցագործություններ կատարած դահճին ու նրա ոճրակից, թուրքի կրունկի տակ պառկած Նիկոլին, որը հենց փետրվարի 19-ին հանդիպում, սեղմում էր ձեռքն ու քաղցր զրուցում նրա հետ, ում հրամանով գազանաբար սպանվեց 26-ամյա հայ սպան…
