Логотип

«ՈՉ, ՉԵՆ ԱՄԱՉՈՒՄ». Ո՞Վ Է ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ «ԱՐՑԱԽԲԱՆԿԻ» ՏՆՕՐԵՆԻՆ ԵՎ Ո՞ւՐ ԵՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՓՈՂԵՐԸ

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջը հիշեցնում է օգնության մի համատարած ճիչ։ Մեկը մյուսի հետևից այնտեղ շարադրված են փախստականների պատմություններ, որոնք բառացիորեն ընչազուրկ են։ Ծերունիներ՝ միայնակ կամ պատերազմում որդիներ կորցրած, պատերազմի հաշմանդամներ, որոնք պետք է ընտանիք պահեն, ռազմիկ ամուսիններին կորցրած միայնակ մայրեր՝ անչափահաս երեխաներով, վառելիքի պահեստի սարսափելի պայթյունի հետևանքով այրվածների կամ անհետ կորածների հարազատներ՝ զուրկ որևէ կարգավիճակից…

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ 40 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՆՊԱՍՏԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ հայտնվել է հուսահատ վիճակում, շատ է գրվել ու խոսվել: Նույնիսկ աշխատանք ունեցողներին գումարը բավականացնում է միայն բնակարան վարձակալելու համար, շատերը ձմռան նախօրեին տեղափոխվել են՝ 2-3 ընտանիքով միասին ապրելու փոքր բնակարաններում, որպեսզի ինչ-որ կերպ վճարեն կոմունալ ծախսերը։ Քիչ չի գրվել նաև այն մասին, որ բնակարաններ գնելու համար կառավարության տված հավաստագրերն ավելի շատ ծաղր են հիշեցնում ամեն ինչից զրկված փախստականների հանդեպ։

Դրա հետ մեկտեղ, վերջերս պարզվեց, որ «Արցախբանկում» Արցախի Հանրապետության պետական հաշիվները մինչ օրս սառեցված են մնում, ինչը թույլ չի տալիս ծախսել այդ բավական խոշոր գումարները:

Այսպես, Արցախի տեղեկատվական շտաբի փետրվարի 17-ի հաղորդագրության համաձայն, 2023թ. սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և 120 հազար բնակիչների բռնի տեղահանման պայմաններում Հայաստանը սառեցրել է Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, ինչի պատճառով մինչ օրս անհնար է փոխհատուցել ավելի քան 22 հազար աշխատողների չվճարված աշխատավարձերը, վերջնահաշվարկներն ու արձակման նպաստները։ Հաղորդագրության մեջ ասվում էր նաև, որ խնդիրը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն ապարդյուն:

Հաջորդ օրը՝ փետրվարի 18-ին, Նժդեհ Իսկանդարյանը Ֆեյսբուքում տեսաուղերձ հրապարակեց՝ հասցեագրված նշյալ բանկի գործադիր տնօրեն Արտակ Բալայանին, ասելով հետևյալը. «Արցախբանկ»-ի բաժնետոմերի 43 տոկոսը պատկանում է ներդրումային հիմնադրամին։ 20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք որևէ կերպ չենք կարողանում մասնակցել։ Միայն 2024 թվականի շահույթը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Ինձ վստահեցրել են, որ այդ հանդիպումը տեղի կունենա, բայց քանի ամիս է դրական դինամիկա չկա։ Այս տեսանյութը կարող եք համարել հանդիպման ևս մեկ առաջարկ։ Ժամն ու տեղը որոշեք ինքներդ»։

ԶԼՄ-ների համար պարզաբանում կատարելիս Իսկանդարյանը չհստակեցրեց, թե արդյոք խոսքն արցախցիներին վճարելու և նրանց սոցիալական կարիքները լուծելու համար նախատեսված գումարների մասին է, սակայն ընդգծեց, որ Արտակ Բալայանը պետք է տեղեկատվություն տրամադրի ֆինանսական միջոցների մի մասի մասին:

Փետրվարի 22-ին պետնախարարը կրկին հանդես եկավ Բալայանին հասցեագրված տեսաուղերձով՝ այս անգամ արտահայտվելով շատ ավելի կտրական:

«Ես հասկանում եմ, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ, վայելում եք Հայաստանի իշխանությունների հովանավորությունը, Աստծուց չեք վախենում, մարդկանցից էլ չեք ամաչում։ Բայց ինձ մի հարց է հետաքրքրում։ Դուք ձեր կարիերան ստեղծել եք այն մարդկանց շնորհիվ, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտում, մի օր այդ մարդկանց աչքերին նայելով դուք ի՞նչ եք ասելու։ Մի օր չտեսանք մեկիդ, որ գա Արցախի ներկայացուցչություն և ասի՝ ի՞նչ կարող ենք անել մեր ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար։ Սա չի վերաբերում միայն Բալայան Արտակին, սա վերաբերում է որոշ անհատների»,- հայտարարեց Իսկանդարյանը։

ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ՊԵՏՆԱԽԱՐԱՐՆ ԱԿՆԱՐԿԵՑ, որ Արցախի պետհաշվարկը ապասառեցնելու բանկի գործնական մերժումը խրախուսվում է, եթե չասենք՝ թելադրվում է Հայաստանի իշխանությունների կողմից: Մինչդեռ խոսքն այն գումարների մասին է, որոնք պատկանում են Արցախի կառավարությանը և պետք է իրավամբ վճարվեն մարդկանց՝ աշխատավարձերի և արձակման նպաստների տեսքով, նրանց գույքային կորուստների հնարավոր փոխհատուցման, թեկուզ մասնակի, և սոցիալական ամենահրատապ խնդիրների լուծման, ընդհուպ մինչև բնակարան ձեռք բերելու հարցում օժանդակություն առավել կարիքավորներին:

Սակայն, թե ինչպես ծախսել այդ միջոցները, իհարկե, Արցախի իշխանությունների որոշելիքն է։ Հարցը տվյալ փուլում հանգում է նրան, որ բանկի տնօրենը հրաժարվում է նույնիսկ հանդիպել՝ քննարկելու համար հաշիվների ապասառեցման ավելի քան 2,5 տարի շարունակվող խնդիրը: Եվ այս ամենը տեղի է ունենում ամենաիսկական ողբերգության իրավիճակում, որ վերապրում են արցախցի հարյուրավոր ընտանիքներ, որոնք, ինչպես պարզվում է, զրկված են ոչ միայն փաշինյանական կառավարության ֆինանսական աջակցությունից, այլև իրավամբ հենց իրենց պատկանող միլիարդավոր դրամների հասանելիությունից։

Այս խորապատկերին փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ կենսաթոշակային համակարգի միջոցով Արցախի բնակիչների կուտակած մոտ 20 միլիարդ դրամ գումարը ՀՀ կառավարությունը որոշել է փոխանցել ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգին՝ անվանելով դա հափշտակություն: Այս հայտարարությանը ոչ մի արձագանք չհաջորդեց՝ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում։

Նժդեհ Իսկանդարյանի հույզերն ու միաժամանակ զգուշավորությունը միանգամայն բացատրելի են։ Միայն թե ապավինել խղճին կամ ամոթանք տալ Արտակ Բալայանի ու նրա հովանավորների կարգի մարդկանց՝ ժամանակի ու նյարդերի սին վատնում է։ Այդ մարդկանց և՛ ամոթը, և՛ խի՛ղճն ու մարդկայնությունը վաղուց ատրոֆիայի են ենթարկվել։ Ավելին, նրանց կողմից ստեղվող Հայաստանում այդիսի կատեգորիաներ նախատեսված չեն։

 Հակառակ դեպքում «քսված-պռտված» տիկնայք, որոնք չգիտես ինչու գերաշխատավարձեր ու բազմամիլիոնանոց պարգևավճարներ են ստանում, չէին հայտարարի 200 հազար դոլար արժողությամբ բնակարաններ գնելու իրենց իրավունքի մասին, երբ զոհված զինվորների հազարավոր ընտանիքներ ծվարել են տարրական պայմաններից զուրկ խրճիթներում։ Հակառակ դեպքում նույն այդ տիկնայք ու նրանց գործընկեր պաշտոնյաները կմտածեին այն մասին, որ հատկացնեն իրենց պարգևավճարների գոնե 1 տոկոսը գոնե մեկ փախստական ընտանիքի օգնելուն, չենք ասում թե բնակարան գնեն երեք երեխա ունեցող միայնակ այրու համար։

ԹԵՊԵՏ... ԻՆՉԻ՜ ՄԱՍԻՆ ԵՆՔ ԽՈՍՈՒՄ, ԵՐԲ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ԱՐԱՐԱԾԻ «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ», որն առանց վարանելու բացահայտ շարունակում է իր հովանավոր Ալիևի սկսած ցեղասպան քաղաքականությունը Արցախի ժողովրդի դեմ։

«Երբ ես ասում եմ, որ Հայաստանի ռեժիմը մեղսակից է Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռեժիմի հանցագործություններին, նկատի ունեմ ոչ միայն այն, ինչ նրանք արեցին մեր ժողովրդի հետ 2020 թվականի պատերազմի ժամանակ և 2023 թվականին՝ Արցախի էթնիկ զտման օրերին։ Այն, ինչ Իլհամը ավարտին չհասցրեց այնտեղ՝ Արցախում, Նիկոլն այսօր, ըստ էության, ավարտում է արդեն Հայաստանում։

Եվ պետք չէ աշխարհով մեկ պարբերաբար շեփորել քաղաքացիություն ստացած 30 հազար ղարաբաղցիների մասին, պատմել ինչ-որ սերտիֆիկատների մասին և հրապարակել ձեզ ձեռնտու կեղծ թվեր Հայաստանից հեռացած ու վերադարձած արցախցիների մասին… Իրական թվերը բոլորովին այլ են։

Արցախցի փախստականներին Հայաստանի ռեժիմն իսպառ զրկեց ամսական 40 հազար դրամ օգնությունից, դրանով իսկ հասցնելով մարդկանց հուսահատության, մինչդեռ պարգևավճարների տեսքով միլիարդներ է բաժանում իր հավատարմահպատակներին ու պատժիչ կառույցներին։ Փախստականների այդպիսի պատմությունները շատ են։ Ոմանք խոսում են բացահայտ, ոմանք՝ ամաչում ցույց տալ իրենց վիճակը, մյուսները՝ …պարզապես չեն դիմանում։

Հենց սա է Հայաստանի իշխող ռեժիմի իրական դեմքը և նրա իրական վերաբերմունքը արցախցի փախստականների նկատմամբ»,- գրել է արցախցի բլոգեր Ալեն Ղուլյանը:

Հավելելու ոչինչ չկա…