Էպշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերում ուղղակի կապ է բացահայտվել դատապարտված սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի ցանցի և Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու փորձերի միջև։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Ըստ հաղորդագրության՝ 2026 թվականի փետրվարի 11-ին X սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ ամերիկացի միլիարդատեր Թոմաս Պրիցկերի հետ իր հանդիպումը (որն արձանագրված է Արդարադատության նախարարության նյութերում) հատուկ կազմակերպված է եղել «հայկական լոբբիի դեմ» աջակցություն ստանալու նպատակով՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին։
«Արդարադատության նախարարության արձանագրությունները փաստում են, որ Պրիցկերը Էպշտեյնին էլեկտրոնային նամակ է ուղարկել Դավութօղլուի վերաբերյալ՝ նրան նկարագրելով որպես «Քիսինջերի տիպի կերպար» և կազմակերպելով նրանց հանդիպումը: Այդ ժամանակից ի վեր Պրիցկերը հրաժարական է տվել Hyatt Hotels-ի ղեկավարի պաշտոնից՝ որպես պատճառ նշելով Ջեֆրի Էպշտեյնի և Գիսլեյն Մաքսվելի հետ իր հետ կապերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հայ դատի հանձնախմբի (ANCA) համոզմամբ՝ օրինաչափությունն ակնհայտ է. Ցեղասպանության ժխտումն ու «Էպշտեյնի շրջապատը» առանձին պատմություններ չեն: «Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բերեքը Անկարայի անունից ժխտել է Հայոց ցեղասպանությունը: Դավութօղլուն օգտագործել է Էփշտեյնի ցանցը՝ Վաշինգտոնում Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու համար»,- ընդգծվում է կազմակերպության հայտարարության մեջ, որտեղ կոչ է արվում Դոնալդ Թրամփի վարչակազմին ազատել Բերեքին պաշտոնից:
