1988 թվականի փետրվարի 27–29-ին Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի պաշտոնական արարողությունների բացակայությամբ ՀՀ իշխանությունները քողարկում են Ադրբեջանի հանցագործությունները․ Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
««Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով փետրվարի 28-ը հիշատակի օրերից է, և բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են ոչ միայն հանդես գալ համապատասխան ուղերձով, այլ նաև անպայման այցելել և հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին»,- ասաց Ալավերդյանը։
Ըստ Ալավերդյանի՝ ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն համարձակվում պատասխանել ամբողջովին հերյուրանք հանդիսացող ադրբեջանական կողմի ոչ միայն խոսքերին, այլև բուն քայլերին։ «Փաստորեն լռեցյալ համաձայնվում են Ադրբեջանի ամբողջովին հնարածին մեղադրանքներին հայերի հանդեպ»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե ինչու ադրբեջանական կողմը ևս չի կարծում, որ պատմությունը փորփրելը կխանգարի խաղաղությանը՝ Ալավերդյանը պատասխանեց. «Ադրբեջանն իրեն համարում է հաղթող կողմ, իսկ ներկայիս ՀՀ իշխանությունը ոչ թե պարտված, այլ պարտադրվող կողմ է իրեն համարում, և հարաբերությունները զարգանում են ասիմետրիկ։ Մինչդեռ պատմությունից հայտնի փաստ է՝ չպատժված հանցագործությունները շարունակվում են, ինչի վառ ապացույցն են Ադրբեջանի գործողություններն Արցախում ոչ միայն 2020–2023 թթ., այլ նաև այսօր, երբ ոչնչացնում են ոչ միայն մշակութային արժեքները, այլև հայերին որպես բնիկ ժողովուրդ վերագրող ցանկացած փաստ»։
Նշենք, որ փետրվարի 26-ն Ադրբեջանի կողմից հռչակված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակի օրն է, և երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում էին «ցեղասպանության զոհերին հիշատակի տուրք մատուցած, հուշարձան այցելած վարչապետի, խորհրդարանի ղեկավարների, դատախազների ու այլ պաշտոնյաների մասին»։
Արցախում էթնիկ զտում իրականացրած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ կնոջ ու ընտանիքի անդամների հետ «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված հուշարձան է բացել և հայտարարել, որ «Խոջալուի ցեղասպանությունը հայ ֆաշիստների ձեռքի գործն է, և հայկական պետությունը պատասխանատվություն է կրում դրա համար»։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է. «Այսօր մենք խոսում ենք խաղաղության մասին, այդ գործընթացում բոլոր նախաձեռնությունները և առաջնորդությունը եկել են Ադրբեջանից։ Միաժամանակ չենք մոռանում մեր պատմությունը»։
Լարիսա Ալավերդյանը, ի պատասխան ադրբեջանական կողմի հերյուրանքների, նշեց, որ այն, ինչ Ադրբեջանը կոչում է Խոջալու, Ադրբեջանի ԶՈւ-ի և Ադրբեջանի ազգային ճակատի կողմից կազմակերպված սադրանք էր ընդդեմ Հայաստանի։
«Զուտ օրը ընտրել են 26-ը, որովհետև սումգայիթյան ցեղասպանական գործողությունների սկիզբն է համարվում։ Զոհերը հիմնականում եղել են թուրք մեսխեթներ, որոնց Ադրբեջանը բնակեցրել է Խոջալու գյուղում այն ժամանակ, երբ շարժումը սկսված էր, և այդտեղից բոլոր հայերին բռնի տեղահանել են 1988-ին։ Շատերը կարծում են, որ Խոջալուում միայն ադրբեջանցիներ են ապրել, բայց ոչ․ այնտեղից հայերին բռնի տեղահանել են։ Եվ հետո դեպքը տեղի է ունեցել ոչ թե Խոջալու գյուղում, այլ Աղդամից մոտ 3 կմ հեռավորության վրա, այն տարածքում, որը գտնվում էր ադրբեջանական ԶՈւ-ի հսկողության ներքո։ Այդտեղ հայկական ուժեր չկային»,- նշեց նա։
