Իրանը ոչ միայն Հայաստանի խոշոր առևտրային գործընկերն է, այլև դեպի արտաքին աշխարհ տանող այլընտրանքային ուղին և հյուսիսային ճանապարհի միակ այլընտրանքը՝ արևմուտքից և արևելքից փակ սահմանների պայմաններում։ Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, սակայն այժմ այն փակ է սկսված ռազմական գործողությունների պատճառով, և դա թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ գնահատելով Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման և Իրանի պատասխան գործողությունների հնարավոր հետևանքները Հայաստանի համար։
Նրա գնահատմամբ՝ կարճաժամկետ հեռանկարում սա կազդի Հայաստան ներմուծվող լայն սպառման ապրանքների ծավալների վրա։ Մասնավորապես՝ հեղուկ գազի, դիզելային վառելիքի, շինանյութերի և մի շարք կենցաղային ապրանքների վրա։ Ընդ որում՝ Իրանից շինանյութերի մատակարարումների կրճատումը կարող է էականորեն ազդել հայաստանյան շինանյութերի շուկայի գների վրա։
Սուրեն Պարսյանը հիշեցրել է, որ Հայաստանը հիմնականում էլեկտրաէներգիա է արտահանում Իրան և գազ է ներմուծում, և այս պահին այդ մատակարարումների վրա որևէ սահմանափակում չկա, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար։
Խոսելով այն մասին, որ Իրանը Հայաստանի համար նաև տարանցիկ երկիր է, որը կապում է Հայաստանը Հարավարևելյան Ասիայի երկրների հետ, տնտեսագետը նշել է, որ իրականում իրանական նավահանգիստներով մատակարարումների ծավալները մեծ չեն։ Օրինակ՝ Չինաստանից Հայաստան եկող բեռների հիմնական մասն անցնում է վրացական Փոթի նավահանգստով, քանի որ իրանական Բանդար Աբաս նավահանգիստը գտնվում է պատժամիջոցների տակ։ Սակայն որոշակի կորուստներ այս առումով կլինեն և դա կարող է որոշակիորեն ազդել Չինաստանից ապրանքների մատակարարման ժամկետների և գների վրա։ Չինական ընկերությունները ստիպված կլինեն փնտրել մատակարարման այլընտրանքային ուղիներ, օրինակ՝ Ռուսաստանի տարածքով, քանի որ արաբական երկրների և Սուեզի ջրանցքի միջոցով մատակարարումներն այսօր նույնպես անվտանգ չեն։
Փորձագետն ընդգծել է, որ ներկայիս հակամարտությունը տարբերվում է իր մասշտաբով. դրանում ներգրավված են նաև արաբական շատ երկրներ (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Օման, Կատար, Բահրեյն), որոնք նախկինում համարվում էին «խաղաղ նավահանգիստ», և շատ ներդրողներ իրենց կապիտալը պահում էին այնտեղ, հատկապես տնտեսական ճգնաժամերի ժամանակ։ Այժմ այդ երկրներից կարող է ներդրումների արտահոսք սկսվել և դրա առաջին շահառուները կդառնան ԱՄՆ-ն և եվրոպական երկրները։ Նրանց տարածքում պատերազմներ չկան, առկա են ենթակառուցվածքներ, ինչպես նաև որոշակի պայմանավորվածություններ արաբական երկրների հետ։
«Եվ այս տարածաշրջանը երկարաժամկետում կունենա բավականին լուրջ ներդրումային միջավայրի կորուստ։ Հայաստանի պարագայում դա մտահոգիչ է: Հատկապես դեպի Արաբական էմիրություններ արտահանման ծավալների կրճատումը։ Հիշեցնեմ, որ 2024-2025 թվականներին դեպի Արաբական էմիրություններ մեծ քանակությամբ մենք արտահանում ենք ունեցել։ Այո դրա մի մասը եղել է վերարտահանում, այնուամենայնիվ, Արաբական էմիրությունները մեր հիմնական գործընկերն է եղել այս վերջին տարիների ընթացքում և նրա գնողունակության կորուստը, ներդրումային միջավայրի խաթարումը կարող է նաև ուղղակի ազդեցություն թողնել Հայաստանի վրա ավելի շատ, քան, նույնիսկ իրանականի», – ասել է նա։
Սուրեն Պարսյանն ընդգծել է, որ հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանին սպասվում են լուրջ փոփոխություններ, որոնց վրա կազդեն նաև նավթի և ոսկու գների աճը։ Սա կհանգեցնի Ռուսաստանից տնտեսական կախվածության մեծացմանը, քանի որ Հայաստանը ստիպված կլինի ավելի շատ վառելիք ներկրել Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ շատ բան կախված կլինի նաև նրանից, թե ինչպես կդասավորվեն մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, արդյոք նա կապահովի էներգակիրների զուգահեռ ներկրում Հայաստանի համար, թե ոչ։ «Ընթանում է մեծ խաղ, որում ներգրավված են բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը։ Մենք կորուստներ ենք ունենալու, բայց հարցն այն է, թե ինչպես դրանք հասցնել նվազագույնի»,- նշել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ կորուստները կրճատելու համար Հայաստանը պետք է այլընտրանքային շուկաներ փնտրի՝ լինի դա Ռուսաստանը, Եվրոպան, թե ասիական երկրները, որպեսզի փոխարինի Իրանից ներմուծվող ապրանքները։ Արտահանման ուղղությունները նույնպես անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել, հավելել է նա՝ նշելով, որ հայաստանյան շատ արտահանողներ արդեն իսկ ունեն տևական պայմանագրեր, օրինակ՝ Էմիրությունների հետ և նրանք կարող են լուրջ խնդիրների բախվել։ Սուրեն Պարսյանը կարծում է, որ կառավարությունը պետք է աջակցություն ցուցաբերի այդ գործարարներին։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կազդի Հորմուզի նեղուցի փակումը համաշխարհային էներգակիրների շուկայի վրա՝ փորձագետը նշել է, որ նեղուցը փակվել է Իրանի վրա հարձակման առաջին իսկ օրը, սակայն հետո իրանական իշխանությունները հայտնել են, որ այն բաց է նավագնացության համար։ Նրա խոսքով, Իրանը որոշակի ընտրողական քաղաքականություն է վարում և թույլ չի տալիս բոլոր նավերին անցնել իր նեղուցով։ Հաշվի առնելով, որ Հորմուզի նեղուցով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդը և գազի մեկ երրորդը՝ սա անխուսափելիորեն կանդրադառնա համաշխարհային շուկայի վրա և արդեն իսկ հանգեցրել է նավթի գների աճի։
«Նույն, օրինակ, Կատարով եվրոպական բազմաթիվ երկրներ հեղուկ գազ է մատակարարվում, ինչպես նաև Չինաստանը և այլ խոշոր էներգակիներ սպառող երկրներ մեծ կախվածություն ունեն արաբական երկրների էներգակիրներից, և եթե իրոք երկար ժամանակով նեղուցը փակվի, դա բավականին լուրջ խնդիրներ կառաջացնի, բայց այս պահին կարծես թե այսպես ընտրողաբար բացում-փակում են, և դա վկայում է նրա մասին, որ նրանք այնուամենայնիվ որոշակի համագործակցած քաղաքականություն են վարում տարբեր երկրների հետ», – ասել է նա։
Փորձագետը նշել է, որ նավթի գների բարձրացումն անպայման ազդելու է դոլարի արժեքի վրա՝ հանգեցնելով դրա արժևորմանը։ Հայաստանում դոլարը մեծ քանակությամբ մուտք է գործում ԱՄԷ-ից և ԱՄՆ-ից, և ԱՄԷ-ից ներհոսքի կրճատումը կարող է էականորեն ազդել դրամ-դոլար հարաբերակցության վրա, ինչը կարող է նոր դժվարություններ ստեղծել Հայաստանի ներմուծողների և արտահանողների համար։
