Логотип

ՉԿԱՏԱՐՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԹԻՐԱԽՆԵՐԸ ԵՎՍ ՁԱԽՈՂՎԵԼ ԵՆ

Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, մեղմ ասած, ավելի շատ hարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս՝ հատկապես գործազրկությանն ու աղքատությանը վերաբերող արձանագրումների մասով։

Զեկույցի 23-րդ էջում գործազրկության մասին գրված է. «Գործազրկության մակարդակը 2025 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով կազմել է 11,8%՝ 2024 թվականի նույն եռամսյակի 13,3%-ի և 2017 թվականի 16,4 %-ի համեմատ»: Սակայն այստեղ ներկայացված չէ ամբողջական պատկերը: Խոսքը եռամսյակային ցուցանիշի մասին է: 2025թ. տարեկան տվյալները դեռևս չեն հրապարակվել։ Իսկ վերջին հասանելի տարեկան ցուցանիշը վերաբերում է 2024թ.-ին, երբ գործազրկության մակարդակը կազմել է 13.4%՝ 2023թ. ցուցանիշից 1.0 տոկոսային կետով ավելի, այսինքն՝ այն փոխանակ նվազելու, աճել է։ Ստացվում է, որ, չնայած արձանագրված տնտեսական աճին, 2024-ին գործազրկության մակարդակն ավելացել է։

Համաձայն կառավարության ծրագրով սահմանված թիրախի (էջ 22)՝ գործազրկության մակարդակը մինչև 2026թ. պետք է լինի 10%-ից ցածր։ Սակայն, առկա միտումներն արդեն հուշում են, որ այս թիրախին հնարավոր չի լինի հասնել։ Երկու տարվա ընթացքում գործազրկության մակարդակը 3.4 տոկոսային կետով նվազեցնելը գործնականում անհնար է, քանի որ նույնիսկ բարձր տնտեսական աճի տարիներին նման տեմպերով նվազում չի արձանագրվել. Այդպիսին էր, օրինակ, 2022–2023թթ. ժամանակահատվածը, երբ բարձր տնտեսական աճի պայմաններում գործազրկության մակարդակի ամենամեծ նվազումը կազմել է 3.1 տոկոսային կետ։

Աղքատության մասով պատկերը ոչ պակաս խնդրահարույց է։ Զեկույցի 63-րդ էջում տեղ է գտել հետևյալ արձանագրումը. «Աղքատության մակարդակը շարունակել է նվազել՝ 2017 թվականի 25,7%-ից 2024 թվականին դառնալով 21,7%, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1,4%–ից` 0,6%»։ Սակայն այստեղ շրջանցվել է ամենակարևորը՝ կառավարության 2021-2026թթ. ծրագրային թիրախների հետ համեմատությունը։ Մինչդեռ այդ ծրագրով նախատեսվում է մինչև 2026թ. կրկնակի կրճատել աղքատության մակարդակը (էջ 21), իսկ ծայրահեղ աղքատությունը՝ ամբողջապես վերացնել (էջ 67)։

Թվային ցուցանիշները կողք-կողքի դնելիս՝ պատկերը դառնում է ավելի քան խոսուն։ Աղքատության մակարդակի կրկնակի կրճատումը նշանակում է, որ այն 2020թ.-ի 27%-ից պետք է նվազի մինչև 13.5%։ Բայց 2024թ.-ին գրանցված 21.7% աղքատության մակարդակը և, ընդհանրապես, անցած չորս տարիների դինամիկան հաշվի առնելով՝ նույնիսկ ծայրահեղ լավատեսական գնահատականներով անլուրջ է կտրուկ շրջադարձ ակնկալելը։

Ծայրահեղ աղքատության պարագայում իրավիճակն առավել մտահոգիչ է։ Անցած չորս տարվա ընթացքում այն նվազել է ընդամենը 0.1 տոկոսային կետով՝ 2020-ի 0.7%-ից 2024-ին հասնելով 0.6%-ի։ Մինչդեռ կառավարությունն իր ծրագրում խոստացել էր, որ ծայրահեղ աղքատությունը 2026-ին պետք է ամբողջությամբ վերացած լինի։ Այս պարագայում կառավարության զեկույցում տեղ գտած ձևակերպումը կարելի է դիտարկել որպես սեփական վիճակագրությունն անտեսելու փորձ։

Ամփոփելով՝ ևս մեկ անգամ շեշտենք, որ գործազրկության մակարդակը չի հաջողվել հասցնել կառավարության հայտարարած թիրախին, աղքատությունը կրկնակի չի կրճատվել, ծայրահեղ աղքատությունը չի վերացել։ Եվ որքան էլ զեկույցը փորձի առանձնացնել դրական դրվագներ, ընդհանուր պատկերը չի փոխվում. կան թղթի վրա մնացած խոստումներ, և կա իրականությունը, որը համառորեն «չի ենթարկվում» պաշտոնական հաշվետվություններին։ Սա գործող իշխանության պարագայում արդեն վաղուց ծանոթ սցենար է դարձել։ Նույնը տեսնում ենք նաև այլ ոլորտներում՝ երբ տնտեսական աճի բարձր տոկոսները ներկայացվում էին որպես համընդհանուր բարեկեցության ապացույց, մինչդեռ շարքային քաղաքացին իր կյանքում այդ «աճը» չէր զգում։ Կամ երբ սոցիալական ծրագրերի ընդլայնումը ներկայացվում էր որպես աղքատության հաղթահարում, սակայն իրականում դրանք հաճախ պարզապես մեղմում էին հետևանքները՝ չվերացնելով պատճառները։

168.am