Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել` կրկին հայտարարելով, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում:
Նրա ուղերձը Թուրքիայի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված Սուրբ Նահատակաց հիշատակի պատարագի ժամանակ ընթերցել է Պատրիարքական փոխանորդ, ավագ քահանա Գրիգոր Դամադյանը։
«Օսմանյան կայսրության փլուզման գործընթացում խոր ցավեր են կրել օսմանյան բոլոր ժողովուրդները, որոնք կյանք են կորցրել օկուպացիայի, բախումների, ապստամբությունների, խմբավորումների շարժումների, ահաբեկչական գործողությունների և համաճարակների նման զանազան պատճառներով, ինչպես նաև նրանք, ովքեր տեղահանվել են Բալկանների, Կովկասի ու Արաբական թերակղզու իրենց հողերից, և նրանք, որոնց տները հուր է ընկել Անատոլիայի չորս կողմերում: Օսմանյան կայսրության տիրապետության ներքո մարդկային կյանքի բոլոր ոլորտներում ներկա գտնված և արժեքավոր ներդրում ունեցած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի մեջ նույնպես, դժբախտաբար, եղել են մարդիկ, որոնք մեծ ցավեր են ապրել: Մենք կարողացանք հիմնադրել Թուրքիայի Հանրապետությունը՝ չմոռանալով այս ցավերը, բայց նաև իմանալով, թե ինչպես հաղթահարել դրանք»,– ասել է Էրդողանը։
Նա հավելել է` պաշտոնական Անկարան ջանքեր է գործադրում, որպեսզի ապագա սերունդներին ժառանգի ոչ թե վատ հիշողություններ, այլ մի ապագա, որտեղ ճշմարտությունները միահյուսված են խղճի լեզվի հետ: Էրդողանն ընդգծել է, որ բախման փոխարեն նախընտրում են համաձայնությունը։
Ուղերձով հանդես է եկել նաև Պոլսի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը՝ հայտարարելով, որ հարևան ժողովուրդները չեն կարող դատապարտված լինել հավերժական թշնամանքի, այլ կոչված են համակեցության, երկխոսության և փոխըմբռնման։
«Այս հողի վրա (Փոքր Ասիայում. խմբ.) տարբեր ժողովուրդներ կողք կողքի ապրել են մի քանի դար։ Հարյուրից ավելի տարի առաջ այդ համակեցությանը ծանր հարված հասցվեց։ Նույն աշխարհագրությունը հիշեցնում է անխուսափելի ճշմարտության մասին. ժողովուրդները չեն կարող դատապարտված լինել հավերժական թշնամանքի», – ասված է հայտարարության մեջ։
Մաշալյանը հավելել է, որ Կոստանդնուպոլսի պատրիարքությունը վերահաստատում է հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու կոչը։
«Ո՛չ մոռացումը, ո՛չ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը, ինչպես և քաղաքական շահարկումները։ Առաջընթացը ծնվում է փոխադարձ հարգանքի վրա հիմնված անկեղծ երկխոսությունից»,– նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
