Логотип

Հուշարձանների դեմ պատերազմն անթույլատրելի է. Զախարովան՝ ԼՂ-ում եկեղեցիների քանդման մասին

Ռուսաստանը կարծում է, որ հուշարձանների դեմ պատերազմն ինքնին անթույլատրելի է, որտեղ էլ որ դա տեղի ունենա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների և հուշարձանների քանդման մասին հարցին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։

«Մենք չենք փոխում մեր մոտեցումները և այդ առումով երկակի ստանդարտներ չունենք։ Մեր ստանդարտը մեկն է՝ դա չի կարելի անել, որտեղ էլ որ լինի։ Եվ միշտ (նույնիսկ եթե կան տարբեր՝ տնտեսական, լոգիստիկ, քաղաքական նրբերանգներ) կարելի է պայմանավորվել ու ընդհանուր եզրեր գտնել», – նշել է ռուսաստանցի դիվանագետը։

Զախարովան հիշեցրել է, որ 2020-2022 թվականներին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին նաև հաշտեցման մարդասիրական կողմ:

Նրա խոսքով, այդ եղանակը ներառում է բոլոր պահվող անձանց վերադարձի ու փոխանակման հարցերը, հուշարձանների, հուշահամալիրների նկատմամբ հոգատար վերաբերմունքը, անհայտ կորած անձանց որոնման համար տեղեկատվության փոխանակումը:

«Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում նման հարցերի լուծման վերաբերյալ հանրային պահանջն այսօր էլ արդիական է… Ուստի դիմելու դեպքում մենք պատրաստ ենք գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, բայց ես կարծում եմ, որ ընդհանրապես վատ չէր լինի նման հարցեր տալ առաջին հերթին Հայաստանի ղեկավարությանը»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 23-ին հայտարարել էր, թե հայկական իշխանությունները մտադիր չեն միջազգային մակարդակի հասցնել Ստեփանակերտի տաճարների ավերման հարցը: Նրա խոսքով՝ ներկայում ջանքեր են գործադրվում կատարվածի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար։ Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Արցախում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը:

Sputnik Արմենիա