Логотип

Բաքվում առաջարկել են Հայաստանի տարածքով «միջանցքը» կոչել Իլհամ Ալիևի անունով

Բաքվում առաջարկել են Հայաստանի տարածքով անցնող «միջանցքն» անվանել Իլհամ Ալիևի անունով։ Այս ստորաքարշ առաջարկը հնչեցրել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը՝ խորհրդարանի արտահերթ նիստի շրջանակներում կայացած հատուկ նիստում, որը նվիրված էր «Վաշինգտոնյան համաձայնագրեր. խաղաղ դիվանագիտության և իմաստուն ղեկավարության հաղթանակ» թեմային։ Նշենք, որ առաջարկը բավականին տարօրինակ է, քանի որ ապագա ճանապարհն արդեն ոչ պաշտոնապես կոչվում է «Թրամփի ուղի»։

«Վաշինգտոնում մեծ դիվանագիտական ​​հաղթանակի միակ հեղինակը նախագահ Իլհամ Ալիևն է։ Զանգեզուրի միջանցքը նոր պատմության շատ կարևոր նախագիծ կլինի։ Ես կարծում եմ, որ ինչպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կրում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը, այնպես էլ Զանգեզուրի միջանցքը պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը», – ասել է Ահմեդովը՝ այդպիսով չեղյալ համարելով ամերիկացի նախագահ Թրամփի բոլոր խաղաղարար ջանքերը։

News.am