ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նոնսենս է համարում «Հայկական ժամանակ»-ի` երբևէ բանակցային փաստաթուղթ չեղած հոդվածը Քի Վեսթի փաստաթղթի փոխարեն հրապարակելը։ Միկոյանն իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
ՀՀ կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։ Կառավարության հրապարակած փաստաթղթերում բացակայում է 2001թ. ապրիլին Քի Վեսթում քննարկված փաստաթուղթը (այդ ժամանակ նախագահը Քոչարյանն էր. խմբ), ըստ որի` Լեռնային Ղարաբաղն անցնում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանում էր Մեղրիի մարզով տրանսպորտային միջանցքի ինքնիշխան իրավունք։ Սակայն հետագայում Բաքուն մերժեց այդ տարբերակը։
Միկոյանի խոսքով` վերջին փաստաթուղթը, այն է` 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկությունների փաթեթը, ամբողջությամբ բացահայտում է պատկերը` վարչապետը հրաժարվել է հայկական կողմի համար շահավետ փաստաթղթից, և դա, ի վերջո, աղետի հանգեցրեց։ Նշենք, որ առաջարկները ներառում էին հայկական կողմի համար համեմատաբար բարենպաստ այնպիսի լուծումներ, ինչպիսիք են Քարվաճառի և Լաչինի նկատմամբ վերահսկողության պահպանումը մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման վերաբերյալ հանրաքվեի անցկացում, Հայաստանին Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի կարգավիճակի ամրագրումը, Բաքվին փոխանցվող 5 շրջաններում ադրբեջանական զինված ուժերի տեղակայման անթույլատրելիությունը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք էր ստանում հանրաքվեի միջոցով, որի արդյունքները կճանաչվեին միջազգային հանրության կողմից։
«Քի Վեսթի փաստաթուղթն ուղղակի բացակայում է ցանկից։ Հանրության ուշադրություն կուզենամ հրավիրել 2019 թվականի այն առաջարկին, որից ինքը հրաժարվել է, ու որը բերել է այս արհավիրքին։ Բայց որ փաստաթղթի փոխարեն հրապարակվում է «Հայկական ժամանակի» հոդվածը, որը նույն լրատվականն առնվազն 2 անգամ տպագրել է, նոնսենս է։ Մի օր էլ էս տրամաբանությամբ կարող է Էրդողանի գրքից հատվածներ հրապարակել, դա կոչել փաստաթուղթ ու փաթաթել մեր պետության վզին»,- նշեց Բագրատ Միկոյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կհրապարակի փաստաթղթերը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե լուծարվի։ Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկի խմբի լուծարման գործընթացը։
Նշենք, որ կառավարության ղեկավարի ընդդիմախոսները կոչ էին անում հրապարակել փաստաթղթերը՝ պնդելով, որ դրանցում չի եղել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին կետ, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ կարգավորման ցանկացած տարբերակ հենց դա է նախատեսել:
