ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում մեր հիմնական պրոբլեմներից մեկը պահեստազորի ոչ մարտունակ լինելն էր, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անհեթեթություն է համարում։
«Հիշեցնեմ, որ, մինչև 2018 թվականի հեղաշրջումը, ռեգուլյար աշխատանքներ են տարվել հենց պահեստազորի ռեզերվի մարտական հմտությունները պատրաստ պահելու ուղղությամբ, կայուն պարբերականությամբ կազմակերպվել են շատ մեծ մասշտաբի զորավարժություններ, որտեղ ընդգրկված է եղել նաև պահեստազորի ներուժը։ Վարժական հավաքներ անցկացվել են մշտապես ու որ մեր պահեստազորի ներուժն ունեցել է բավարար հմտություններ, հաստատում է այն, որ 2016 թվականի քառօրյա պատերազմում պահեստազորը ներգրավվել է Արցախի պաշտպանության գործում ու պատվով է կատարել դրված խնդիրները»,- Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Ջամալյանը։
Ընդ որում, նրա խոսքով, հատկապես Արցախի պահեստազորը մշտապես գտնվել է ամենաբարձր պատրաստականության վիճակում, որովհետև Արցախում պահեստազորը կազմել է մեր պաշտպանության անքակտելի մասը, մշտապես ներգրավված են եղել մարտական հերթապահությունում։
«Արցախի Ազատամարտիկների միությունը աշխատել է ժամացույցի մեխանիզմի պես ճշգրիտ, ինքս եմ վկա եղել, թե ինչպես 2010-ականներին այդ միությունը հաշված ժամերի ընթացքում պատրաստված անձնակազմ է բերել ու հասցրել առաջնագիծ։ Ավելին ասեմ, պետական կառույցների անձնակազմն ամենաչնչին էսկալացիայի ժամանակ անգամ ներգրավված է եղել առաջնագծում մարտական հերթապահության իրականացմանը»,- նշեց Ջամալյանը։
Որպես կոնկրետ օրինակ՝ նա բերեց 2014 թվականի օգոստոսի սկզբի էսկալացին. լինելով ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական՝ գրեթե ամեն շաբաթ Արցախում է եղել ու ականատես է եղել, թե ինչպես են դատախազության քննիչները, ռազմական ոստիկանության անձնակազմը ներգրավված եղել առաջնագծում մարտական հերթապահությունում։
«Եվ խոսքը միայն 2014 թվականի մասին չէ, հետևաբար, ասել, թե 44-օրյա պատերազմում պահեստազորի անձնակազմի պատրաստության խնդիր է եղել, նիկոլական լկտի ու նենգ սուտ է։ Իհարկե, մշտապես պետք է աշխատանքներ տարվեն անձնակազմերը պատշաճ պատրաստության վիճակում պահելու համար, բայց, համենայնդեպս, մինչև այս իշխանությունը, այդ աշխատանքները տարվել են ռեգուլյար»,- ընդգծեց Ջամալյանը։
Ռազմական փորձագետը պնդում է՝ պահեստազորի անձնակազմի պատրաստության խնդիր է եղել այս իշխանության մեղքով, որովհետև, Ջամալյանի խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ և, դրան զուգահեռ, ինչպես Մովսես Հակոբյանն էր հայտարարել, դադարեցվել էր լրահամալրումը, պրոֆեսիոնալ զինվորական մասնագիտացումներ ունեցողներին չեն տարել առաջնագիծ, այլ՝ առաջնագիծը հեղեղել են ջոկատներով, արհեստական քաոտիկ վիճակ են ստեղծել ու դրա արդյունքում քաոսում գտնվող անձնակազմի վատ կառավարման հետ ենք գործ ունեցել։
«Դիտավորությամբ արհեստական քաոս է ստեղծվել, ու այդ քաոսը բերել է նրան, որ մարդկանց ինչ-որ հատված, տեսնելով, որ առաջնագծում անտերության են մատնված, իրենց չեն դրսևորել այնպես, ինչպես պետք է դրսևորեին, ընդ որում, գործը վատ կազմակերպելու մեղքը ոչ թե Արցախի ղեկավարությանն էր, այլ՝ այսօրվա կապիտուլյանտ ռեժիմի պատասխանատվության խնդիրն էր, որովհետև նորմալ չեն կարողացել գործը կազմակերպել, որովհետև ոչ թե ունակ չեն եղել, այլ, ըստ իս, մակերեսում եղած փաստերի վրա էլ հիմնվելով՝ բանակը ջարդելով՝ Արցախը հանձնելու սցենար են խաղարկել։ Ես Մովսես Հակոբյանին շատ լավ գիտեմ, նա պատահական երբևէ որևէ հայտարարություն չէր անի, նա իր խոսքի արժեքն իմացող մարդ է, երբ հայտարարում է լրահամալրման դադարեցման մասին, նշանակում է մի բան՝ կոտրել են բանակի ողնաշարը, որովհետև 1-2 շաբաթ արյունաքամ լինելուց հետո բանակը պետք է սնուցվեր, նախևառաջ, պրոֆեսիոնալ կադրերով, ոչ թե հետևակով»,- հայտարարեց Դավիթ Ջամալյանը։
Նա ընդգծում է՝ իրեն երբևէ իրավունք չի վերապահել մեղադրել այն տղաներին, ովքեր թողել էին տուն-տեղ, ընտանիք ու երեխա և գնացել էին առաջնագիծ, հետո, երբ տեսել են, որ անտերության են մատնված, մեկ-եկու շաբաթ հետո որոշել են հետ գալ։
«Ինքս եմ Ստեփանակերտում տեսել մեծ ջոկատ, թե ինչպես էին օրերով սպասում՝ ինչպես է վճռվելու իրենց ճակատագիրը ու, կրկնում եմ, դա Արցախի իշխանության մեղավորությունը չէր, իրենք էլ փաստի առաջ էին կանգնած, սա երևանյան ռեժիմի պատասխանատվության խնդիրն էր»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ հիմա վարժական հավաքներով առաջնագծի համալրման խնդիրն են լուծում, իսկ զինծառայության ժամկետի կրճատումը ուղղակի էժան, նախընտրական պոպուլիզմ է։
«Տեսեք, թե ինչ աստիճանի են արհամարհում ՊՆ-ին ու ԶՈւ-ին, որովհետև ի սկզբանե խոսում էին 2026 թվականի երկրորդ կեսի մասին, բայց հետո մեկ օրվա մեջ ինչ-որ բան կատարվեց նրա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-հեղ.) ուղեղում, հանկարծակի փաստի առաջ կանգնեցրեց ԶՈւ-ին։ Դիմացն ընտրություններ են, ձայն չունի, հիմա պետք է պոպուլիզմով փորձի ձայներ գողանալ։ Ես էլ ասում եմ՝ շատ բարի, թող այսպես լինի, բայց բացը, որ կառաջանա ԶՈւ-ում, թող լրացվի Ներքին զորքերի անձնակազմն ու ոստիկանության որոշ ստորաբաժանումներ մարտական հերթապահության ընդգրկելով, 2018-ին Ներքին զորքերին ընդգրկեցին մարտական հերթապահության, դե հիմա թող ոստիկանության զորքերը ներգրավվեն, պարեկները ներգրավվեն առաջնագծի մարտական հերթապահությանը»,- նշեց Ջամալյանը։
Ջամալյանի դիտարկմամբ՝ բանակում ծառայելու գրավչությունը, որպեսզի համատարած դառնա, չպետք է արհեստական տարանջատում ստեղծվի պարեկային ծառայության ու պայմանագրային զինծառայության միջև։
«Պարեկային ծառայողը ստանում է կրկնակի անգամ ավելի շատ դրամական բավարարում, իսկ պայմանագրային զինծառայողը, լավագույն դեպքում, չգիտես ինչ ատեստացիաներ անցնելու դեպքում մոտ այդքան, այն էլ՝ հազարից մեկին կարող է այդպիսի բախտ վիճակվել, հիմա, երբ կա նման արհեստական ընտրություն բանակի հանդեպ, պայմանագրային ծառայության նկատմամբ գրավչությունը չի կարող մեծ լինել։ Նախապատվությունը պետք է տրվի ԶՈՒ-ին, որովհետև առաջնագիծ, սահման, հայրենիք պահողը նրանք են՝ բնականաբար, բնավ չթերագնահատելով ոստիկանության դերը երկրում»,- նշեց ռազմական փորձագետը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «մարտունակ բանակ» հասկացությունը պետք է վերափոխել ու վերաձևակերպել «պաշտպանունակ բանակ»-ով՝ Դավիթ Ջամալյանն արձագանքեց. «Մեզ պետք է հայկական իշխանություն, ոչ թե բրիտանաալիևյան դրածո, որը հանրային ընկալումները մանիպուլացնելու մեծ վարպետ է, կարող է խուճուճ մտքեր արտահայտել ու մարդու մտքերում խառնաշփոթ ստեղծել։ Այս բառախաղի իմաստը մի բան է՝ Ալիևի ապառազմականացման պահանջը կատարելը, ի դեպ, զինծառայության ժամկետը կրճատելն էլ դրա մեջ է տեղավորվում»։
Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ, Aysor.am
