Логотип

ԵՄ-ն գալիս է երկդիմություն քարոզելու. Աշոտյանը` եվրոպական քաղաքական գագաթնաժողովի մասին

Եվրոպական քաղաքական համաժողովի՝ Երևանում անցկացվելիք նիստն ուղիղ աջակցություն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա բացատրեց, որ նման ձևաչափով հանդիպումները սովորաբար անցկացվում են մեկ եվրոպական երկրում, այնուհետև ոչ ԵՄ երկրում, սակայն վստահ է, որ Հայաստանն այս սկզբունքով չի ընտրվել։

«Որոշել են գալ հենց այս օրերին, որ իրենց աջակցությունը հայտնեն ՀՀ-ում գործող դավաճանական ռեժիմին։ Սա Երևանում Եվրոպական քաղաքական համաժողովի բուն ուղերձն է, ինչը մերժելի է»,– ասաց նա։

Աշոտյանը նաև համեմատական անցկացրեց եվրոպական կառույցների դիրքորոշումների միջև՝ նշելով, որ այն, ինչ քննադատվում է այլ երկրների դեպքում, կիրառվում է Հայաստանում։

«Այն, ինչ եվրոպական համայնքը քննադատում է այլ երկրներին, օրինակ՝ ՌԴ-ին՝ մոլդովական ընտրություններին միջամտելու համար, կամ Թուրքիային՝ Բալկանյան երկրների ընտրություններին միջամտելու համար, ինքն անում է Հայաստանում»,– նշեց նա։

Ըստ Աշոտյանի՝ խնդիրը ոչ թե համաժողովի ձևաչափն է, այլ դրա անցկացման ժամանակը և ենթադրվող նպատակները։ Նա շեշտեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է միջոցառումն օգտագործել ներքաղաքական նպատակներով՝ այն կապելով նախընտրական գործընթացների հետ։

«Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել իր նախընտրական քեֆի, նախընտրական խնջույքի։ Ակնհայտ է, որ անվտանգային միջոցառումներից բացի, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ եվրոպական ղեկավարները, իսկ նրանք մոտ 40 երկրների ներկայացուցիչներ են, մեկուսանան Հայաստանից, հայ ժողովրդից»,– շարունակեց Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ գագաթնաժողովն արդեն ունի իր տարբերանշանը, որն արտահայտված է կլորակների տեսքով, և ներկայացրեց դրա իրենց տարբերակը, որտեղ կլորակները ձեռնաշղթաների տեսքով են։

«Մենք դրան ավելի ազնիվ տեսք ենք տվել, քանի որ Հայաստանում դրանք պարզապես կլորակներ չեն, ՀՀ–ում այդ կլորակները կանդալներ են։ Իրենք գալիս են այստեղ ոչ թե ժողովրդավարություն քարոզելու, այլ երկդիմություն քարոզելու։ Մեր կոչը հետևյալն է` դադարեցրե՛ք երկդիմությունը և կանգնեք ժողովրդավարության կողքին»,– ավելացրեց նա։

Անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ մինչև մայիսի 8-ը Երևանում ընդդիմության միասնական հանրահավաք անցկացնելու առաջարկին, Աշոտյանը նշեց, որ մայիսի 4–ից լավ օր դժվար է գտնել։

«Մայիսի 4-ից ավելի լավ օր դժվար է մտածել, այսինքն՝ հենց գագաթնաժողովին զուգահեռ միասնական ընդդիմադիր հանրահավաքը շատ բնական ու տրամաբանական կլինի»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2025 թվականի մայիսին ընտրվել էր որպես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալող երկիր։ 2025 թվականի հոկտեմբերին Դանիայում կայացած 7-րդ գագաթնաժողովից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի 2026 թվականի մայիսի 4-ին՝ երկուշաբթի օրը, Երևանում։ Գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, որը կկայանա հաջորդ օրը։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում կանցկացվի մայիսի 4–ին։ ՀՀ կառավարության որոշմամբ օրը ոչ աշխատանքային է։

Sputnik Արմենիա