«Ապրելու երկիր» կուսակցությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ ապրիլի 21-ին, կհայտարարեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Երկու ուժերն այդ մասին կհայտարարեն «Ուժեղ Հայաստան»-ի՝ այսօր կայանալիք համագումարում։
Պարբերականի տեղեկություններով՝ թեև երկու ուժերը կհայտարարեն «Ուժեղ Հայաստանին» միանալու մասին, բայց ընտրացուցակում նրանց անդամներին ներառելու հարց չի քննարկվել։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդած կուսակցությունը մարտի 31-ին նախընտրական դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ։ Կարապետյանի ուժին սատարելու մասին հայտարարել էին Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունները:
«ՀայաՔվե» նախաձեռնությունն ընտրություններին միասնաբար մասնակցելու համար փետրվարին հուշագիր էր ստորագրել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ, որը, սակայն, ապրիլին դադարեցվել էր։
ԶԼՄ-ները մարտին գրել էին, որ «Ապրելու երկիր» կուսակցության համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հետ չի ստացվել։
Armenia Today
