Логотип

Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ԼՂ նախկին ղեկավարների ազատումը Բաքվի գերությունից

Հայաստանն ամեն կերպ խուսափում է գերիների թեմայով խոսակցություններից, և ես գիտեմ, որ կուլիսներում ևս ոչինչ չի անում, RTVI միջազգային հեռուստաալիքի «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարի եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ արդյոք նրանք, ի վերջո, կվերադառնան տուն, նախկին նախագահը նշել է. «Եթե Հայաստանը դրանով ընդհանրապես չզբաղվի, ապա հազիվ թե»։

«Ընդհանուր առմամբ հրաշալի կլինի, եթե նրանց բաց թողնեն։ Բայց որքան գիտեմ, երբ նրանց գերեվարեցին, նրանց խոստացել էին, որ նման բան չի լինի, նրանք վերջինն են դուրս եկել։ Դե, ահա նման իրավիճակ է։ Կարծում եմ՝ այս թեման բավականին ցավոտ թեմա է։ Բայց Հայաստանում իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այն չդառնա «մեյնստրիմ» թեմա, ամեն ինչ անում են»,- նշել է երկրորդ նախագահը։

Մեկնաբանելով իշխանությունների ձևակերպումներն այն մասին, թե բանակցություններն ընթանում են, բայց պետք չէ դրանց մասին բարձրաձայնել, Քոչարյանը նկատել է. «Սեփական բացարձակ անգործությունը քողարկելու համար դա լավ բանաձև է. այսպես բազմիմաստ համատեքստով խոսել այն մասին, թե՝ «այո, մենք անում ենք, բայց եկեք զգույշ լինենք, որպեսզի հանկարծ որևէ բանի չխանգարենք»։ Ամեն դեպքում, նման գործողությունները, նման բանակցությունները ինչ-որ արձագանքներով հայտնի փաստեր են դառնում. ուղղակի չկան որևէ արձագանքներ, որևէ անուղղակի ապացույցներ այն մասին, որ նրանք ինչ-որ բան են ձեռնարկում։ Ահա միակ արտահայտությունը… որն ասվել էր Անթալիայում (ԱԺ խոսնակի կողմից – խմբ.)։ Կարծում եմ՝ նրանք չեն ցանկանում, որ տղաներն այնտեղից վերադառնան, որովհետև դրանք այն մարդիկ են, ովքեր կկարողանային այստեղ համախմբել արցախցիներին, ղարաբաղցիներին։ Նրանց պետք չեն մարդիկ, ովքեր կկարողանային իրենց շուրջ միավորել հայրենիքը լքած ղարաբաղցիներին, պարզապես պետք չեն նման մարդիկ։ Նրանց հետ ստիպված կլինեին ինչ-որ կերպ հաշվի նստել. նրանք գուցե ինչ-որ ներքին գործոն դառնային…

Դրա համար ես ոչ մի բառի չեմ հավատում»,- եզրափակել է Քոչարյանը։

News.am