Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդդիմությանը կոչ է անում մի կողմ դնել ներկուսակցական խժդժությունները և մի մարդու նման դեմ քվեարկել կառավարության շենքում նստած անձնավորությանը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ.)։ Այս մասին նա այսօր հայտարարեց Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում։
«Կուսակցությունը հայրենիքից կարևոր չէ, աթոռը, մանդատը ու պաշտոնը հայրենիքից կարևոր չեն։ Անհրաժեշտ է և հնարավոր է սեփական «ես»–ը ստորադասել համազգային շահերին»,– ասաց նա։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամը մեղադրում է իշխանություններին Հայոց ցեղասպանության ուրացման ու Արցախը մոռանալու մեջ՝ այսպիսով ջուր լցնելով Հայաստանի` Արևմտյան Ադրբեջան դառնալուն։
«Դրված է Հայաստանի լինելիության կամ վիլայեթացման հարցը։ Հետևաբար ում համար թանկ է Եռաբլուրը, Ծիծեռնակաբերդը, պետք է մոռանան «ես»–ը` հանուն ՀՀ շահի, որովհետև եթե սա վերընտրվեց, մենք վեր ենք ածվելու Հրանտ Մաթևոսյանի ասած` «առանց հիշողության անասունի»»,– ասաց Շարմազանովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էին, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ:
Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանություն ճանաչված Հայոց ցեղասպանությունը ամեն տարի հիշվում է ապրիլի 24-ին: Թուրքիան ավանդաբար հերքում է ավելի քան 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման փաստը։ Սակայն այն ճանաչված է բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից։ Առաջինը 1965 թվականին դա արեց Ուրուգվայը։ Ավելի ուշ նրան միացան Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և տասնյակ այլ երկրներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Sputnik Արմենիա
