Մահացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը` Աննա Աբաջյանը։ Այս մասին հայտնում է 168.am-ը։
Կայքում նշվում է, որ վերջին շրջանում Արցախի հերոսի մայրն առողջական խնդիրներ է ունեցել։ Նա 52 տարեկան էր։
Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996թ․ նոյեմբերի 16-ին։ Զոհվել է Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ` 2016–ի ապրիլի 2-ին, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակել է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ նա վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին` Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում՝ իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանը բաց է թողնում նռնակը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորի։
Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։ 2026–ի հունվարի 28–ին Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 դպրոցի բակում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։
Sputnik Արմենիա
