Логотип

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ԵՎ ԹՈՒՐՔԱՄԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2020Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՄԱՆ ՈՒՂԻՂ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

Այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ով ԱՄՆ շահերը Հայաստանում առաջ տանելու գործում վերջին մարդը չէ, մի ուշագրավ հայտարարություն արեց, նշելով.

«Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունը Թրամփի և Բայդենի միջև էական տարբերություն չունի, ու սա թերևս այն միակ ուղղություններից է, որտեղ շարունակություն կա ամերիկյան քաղաքականության։ Մինչև 2022 թվականի Պրահայի համաձայնությունները, այդ նույն ամռանը մենք ամերիկացի պաշտոնյաների էինք ընդունում, որոնք ասում էին. «Կոչ արեք, թող արցախցիները գան այստեղ` Հայաստան»»։

Խառատյանը նաև ավելացրեց. «Բացի այդ, Արցախում ռուսական խաղաղապահների առկայությունը, բնականաբար, և նրանց հետո չլինելը ամերիկյան վարչակազմը դիտարկում էր որպես մեծ նվաճում»։

Հիմա քանի որ հայերի մնալը Արցախում ուղիղ կապված էր ռուսական խաղաղապահների մնալու հետ, ինչն էլ իր հերթին ուղիղ կապված էր 2020 թ. նոյեմբեմբերի 9-ի հայտարարության կատարման հետ, ապա Արցախի ճակատագրով անհանգստացած գործիչները պետք է որ պաշտպանեին նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Սակայն, ըստ Արսեն Խառատյանի, ստացվում է, որ Միացյալ Նահանգները ամեն ինչ արել են, որ այդ հայտարարության կատարումը տապալվի, որպեսզի ռուսական խաղաղապահների Արցախում մնալու հիմքերը վերանան, նրանք դուրս գան, Արցախն էլ դատարկվի հայերից։ Եվ Արսեն Խառատյանն էլ իր մտքերը արտահայտում էր ոչ թե ցավով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը տապալվեց, այլ այդ հարցում ԱՄՆ հաջողությունից բավական մեծ բավարարվածությամբ։

ԱՄՆ-ից մի քաղաքագիտության դոկտոր էլ կա, ով ևս, իր հակառուսական կեցվածքով նպաստել էր 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տապալմանը, օրեր առաջ վրդովվել էր իշխանությանը պաշտպանող հակառուս ակտիվիստների ադրբեջանամետ ելույթներից։ Նա նաև քննադատում է Փաշինյանի քաղաքականությունը։

Երբ որ պետք էր Փաշինյանի ձեռքից բռնել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չտապալի, ռուսական խաղաղապահները մնան, հայերն էլ Արցախից դուրս չգան, այս մարդիկ նպաստում էին Փաշինյանի քայլերին։

Հիմա էլ նրանցից ոմանք վրդովվում են Փաշինյանի վարած ադրբեջանամետ և թուրքամետ քաղաքականությունից, ինչը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տապալման ուղիղ հետևանքն է, ինչում այդ մարդիկ ունեն իրենց ներդրումը։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ