Логотип

ԱՅԴ ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ…

Երբ բանակի և նրան անհրաժեշտ բարեփոխումների մասին դատողություններ է անում, օրինակ, Վահագն Ալեքսանյանը, դա դեռ ոչինչ։ Այդ ընկերը գոնե ժամանակին՝ «նախկինների» օրոք, ժամկետային ծառայություն է անցել և, ինչպես ինքը խոստովանեց, Հայրենիքի նկատմամբ կատարած պարտքի մասին իր հիշողությունները միշտ մթագնված են վիրավորանքով՝ պետությունից չստացած «տռուսիկների» պատճառով:

ԵԹԵ ԱՆԿԵՂԾ ԽՈՍԵՆՔ, ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍԿԱՆԱԼ ԱՅՆ ՄԱՐԴՈՒՆ, որի ընտանիքն այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, սոցիալական դժվարություններ ուներ, իսկ բանակային կոռումպացված որոշ թիկունքայիններ անամոթաբար գողանում էին զինվորներից «տռուսիկները» և ոչ միայն: Այնպես որ պահեստազորի սերժանտ Ալեքսանյանը տեսականորեն ունի բանակի, նրա բարեփոխումների և ապագայի մասին դատողություններ անելու բարոյական իրավունք։

Ճիշտ է, մենք արմատապես համաձայն չենք նրա այն պնդումներին, թե Ադրբեջանի հետ ձեռք բերված «խաղաղությունը» հնարավորություն է տալիս կրճատել պաշտպանական բյուջեն։ Եվ պահանջում ենք, որ նա մեր բանակի ապագային նայի բացառապես տարածաշրջանում և աշխարհում տիրող պայթյունավտանգ աշխարհաքաղաքական իրավիճակի հաշվառումով, այլ ոչ թե «տռուսիկների» պատճառով կրած սրտնեղության պրիզմայով։ Քաղաքական գործիչ է, այնուամենայնիվ, և պետք է նման լուրջ թեմայի շուրջ խորհի իր դիրքի պատասխանատու «բարձրունքից»։

Սակայն հանգիստ թողնենք Ալեքսանյանին. նրանից քիչ թե շատ գլուխ հանեցինք։ Բայց այ երբ բանակի մասին խոսում է մի տիկին, որը բացարձակապես ոչ մի պատկերացում չունի այդ բարդ ինստիտուտի, նրա ռազմական, քաղաքական և սոցիալական բաղադրիչների մասին, դա արդեն իսկապես շատ ցավալի է:

Օրերս ԱԺ ՔՊ-ական խմբակցության գեղեցիկ սեռի մի ներկայացուցիչ՝ Հասմիկ Հակոբյան անունով, աչքի ընկավ զինվորական ծառայության մասին այնպիսի դատողություններով, ասես խոսքը պետության համար անիմաստ բեռի մասին է, որից պետք է շուտափույթ ազատվել: Հայկական բանակը նրա մեկնությամբ վերածվել է հայկական պետականության ինչ-որ կցուկի, որն անիմաստ խժռում է բյուջեն և կործանում երիտասարդության ապագան։

Նախ, սույն տիկինը, առանց աչքը թարթելու, հընթացս գնահատեց Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակը որպես ամենաբարձր՝ անկախության պատմության ողջ ընթացքում։ Երկրորդ, արձանագրեց, թե 2-ամյա ժամկետով ծառայություն ընդհանրապես պետք չէ Հայաստանին, իսկ մեր երիտասարդները նոր օրենքի ընդունումից հետո կարող են, իբր, արդյունավետ օգտագործել ավելորդ կես տարին կրթության և ինքնաիրացման համար:

Դե, և երրորդ, խոստովանեց, որ հիշյալ օրենքի հետ կարելի է նաև փորձարկումներ կատարել. թող, իբր, սկզբի համար ծառայության ժամկետը լինի մեկուկես տարի, հետո կարելի է նույնիսկ ավելի կրճատել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերադառնալ երկամյա ժամկետին։ Այսինքն՝ ամեն ինչ մեր իշխանական ձեռքում է, կանենք՝ ոնց ուզենք և երբ ուզենք։

Այս թեզը իգական սեռի կայտառ ուսապարկի բերանից հնչեց, ինչպես հայտնի ծաղրը «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հերոսուհի Գալյա Նովենցի շուրթերից. «Վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ…»:

ԵՐԲ, ԱՆԱՐԳԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՏՔԸ ԵՎ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՎ ՀՈԳԻՆ, ստիպված եղանք համբերությամբ դիտել մինչև վերջ ու լսել ցինիզմի, պլեբեյական ամբարտավանության ու բացարձակ տխմարության այդ խառնուրդը, մեր աչքի առաջ մեկը մյուսի հետևից առկայծեցին Մոնթե Մելքոնյանի, Լեոնիդ Ազգալդյանի, Քրիստափոր Իվանյանի, Կոմանդոսի, Նորատ Տեր-Գրիգորյանցի, Վազգեն Սարգսյանի կերպարները…

Բոլոր նրանց, ովքեր իրենց հոգին դրեցին և կյանքը նվիրեցին հայոց Զինված ուժերի ստեղծման գործին, կերտեցին մեր հաղթանակը, ցնծությամբ ականատես լինելով գրեթե հազար տարվա ընթացքում առաջին անգամ իրականացած հրաշքին՝ կանոնավոր Հայոց բանակի վերստեղծմանը: Գուցեև իր նոր ճանապարհի սկզբում նա վատ էր համազգեստավորված, թերի զինված և հաճախ կռվում էր քաղցած, բայց անպարտելի էր և հպարտություն էր ներշնչում ողջ ազգին։ Իսկ ժամկետային ծառայությունը պատիվ և սուրբ պարտականություն էր համարվում հայ ընտանիքների ճնշող մեծամասնության համար։

Դա մեր նոր պատմությանն արժանի բանակ էր, որը ծնվել էր ազատամարտի ծանրագույն ջանքերի, բարդ պայմանների, ինքնազոհության արյան ու հրի մեջ: Եվ ոչ մի առանձին վերցրած թիկունքային առնետի կամ անազնիվ հրամանատարի չի հաջողվել ցեխը թաթախել ազգային հպարտության և փառավոր ռազմական ավանդույթների վերածննդի վսեմ խորհրդանիշը։ Այդ բանակը հայերը համարում էին սրբություն՝ իր բոլոր աներկբա թերություններով, բացթողումներով ու սխալմունքներով հանդերձ։ Նրան սիրում էին այնպես, ինչպես սիրում են սեփական ընտանիքը՝ իր բոլոր անխուսափելի խնդիրներով:

Մեծ զորահրամանատարների լուսավոր կերպարները հառնեցին մեր աչքի առջև՝ տանջալից կտտանքի, հարցազրույցի դիտման ընթացքում, և անհետացան հիշողության խորքերում… Իսկ իրականությունը կրկին հրամցրեց շպարված տիկնոջ կերպարը, որը խոսում էր բանակի մասին (!) նույնպիսի շինծու սեթևեթանքով ու ծամածռությամբ, ինչպես եթե պատմեր այն մասին, թե ոնց է ինքը մերժել աղքատ, տգեղ և իր սրտին ու ճաշակին բնավ ոչ արժանի սիրահարին:

Եվ ես ահավոր ամոթ ապրեցի իմ, մեր բոլորիս համար, որ թույլ ենք տվել այս փողոցային գարշելի կերպարներին համախմբվել մի ուժի, որը կարող է խաժամուժի ոտքի տակ նետել մեր սրբությունները՝ Եկեղեցին, Հայրենիքը, Բանակը և այն տղաների հիշատակը, որոնք կանգնեցին մինչ ի մահ՝ անտեղյակ, որ ամենավերևում իրենց դավաճանել են։

Նրանց, ում թողեին զոհվելու Հադրութի անտառներում, ում աճյունները պարկերով նետած էին դիահերձարանի հատակին, ովքեր ողջ-ողջ այրվեցին զորանոցներում, ում բախտի քմահաճույքին թողեցին Բաքվի բանտերում՝ հայտարարելով անհայտ կորած, ում մայրերին ծեծում ու քարշ էին տալիս Եռաբլուրի ծառուղիներով։

Այդ մենք թույլ տվեցինք, որ թափթփուկները խցկվեն խորհրդարան, կառավարություն, հեռուստաեթեր ու համացանց, որպեսզի ամենօրյա ռեժիմով մարտական ոգին, ազգային արժանապատվությունն ու հայրենասիրական զգացմունքները նսեմացնող ստեր, մաղձ ու զրպարտանք փսխեն։

ԱՅԴ ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՏՎԵՑԻՆՔ, ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԱԾ ՍՐԻԿԱՆԵՐԸ շշեր նետեն ու հայհոյեն ահռելի վաստակ ունեցող մարտական գեներալներին, որ ՔՊ-ական տականքները քարերով ջարդեն պատերազմ անցած սպաների գլուխը, իսկ պատգամավորի կարգավիճակ և առավելագույնը գգեղեցկության սրահի մատնահարդարի մակարդակի ինտելեկտ ունեցող կոտրատվող կանայք խոսեն այն մասին, թե բանակը խանգարում է երիտասարդների կրթությանն ու ինքնաիրացմանը…

Մենք ենք մեղավոր, որ կուլ տվեցինք այն ամենը, ինչ մեզ դեմ տվեց այդ խաժամուժը, և այժմ նա անկեղծորեն ծաղրում է մեզ:

Շատ շուտով ԱԺ-ում ներկայացվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը։ Եվ դա հաստատ վերջին մեխը կլինի Հայոց բանակի դագաղի կափարիչին, քանզի զեկույցի արդյունքներով «կբացահայտվի», որ պարտության միակ մեղավորը հենց հայկական բանակն է: Վազգենի, Լեոնիդի, Մոնթեի, Կոմանդոսի, Իվանյանի նույն այն բանակը… Հետևաբար, այդ բանակը կհայտարարվի ձախողված ինստիտուտ, որը պետք է կազմալուծել:

Իսկ դրա հիման վրա ստեղծել նոր կառույց՝ գվարդիա, որն արդեն կունենա ոչ թե թշնամիներից արտաքին պաշտպանության գործառույթներ (չէ որ մեզանում հիմա խաղաղություն է տիրում և արտաքին թշնամիներ չունենք), այլ ներքին՝ ընդդիմադիրների, ռևանշիստների, հայրենասերների («սովետական» պատկերացմամբ) և բոլոր նրանց դեմ, ովքեր չեն հավատում «արդեն կայացած ինքնիշխան և խաղաղ իրական Հայաստանին»։

Եվ դրանում նույնպես մեղավոր կլինենք հենց մենք…