ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հոգնում ինքն իրեն գովելուց՝ փաստարկավորելով, թե լիովին արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Շատ է սիրում պատմել, թե ինչպես է խաղաղություն հաստատել «Կամբոջայի» (Ադրբեջան) և «Ալբանիայի» (Հայաստան) միջև։
ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՄՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՌՋԵՎ՝ Թրամփը հերթական անգամ պատմեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ձգվել է 36 տարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները թշնամիներ են եղել: Դոնալդ Թրամփին համոզում էին չխառնվել անլուծելի հակամարտությանը, սակայն ինքը որոշել է միջամտել։
Սկզբում զանգել է իր ընկեր Իլհամ Ալիևին, իսկ հետո՝ «մյուս տղային»։ Դե, մեր Փաշինյանին, այսինքն։ Զանգել է ու լուծել հակամարտությունը: Եվ ահա օրերս Թրամփը հարցրել է Ալիևին, թե առաջվա պես համարո՞ւմ է արդյոք Փաշինյանին իր թշնամի։ Իսկ Ալիևը պատասխանել է, «Ոչ, հիմա նա իմ ընկերն է»:
Հավատում ենք Թրամփին։ Ալիևը միանգամայն կարող էր այդպես արտահայտվել Փաշինյանի մասին, քանի որ միայն իսկական և նվիրված ընկերը կարող էր այդքան հիմնավոր օգնել Ալիևին՝ լուծելու այն խնդիրները, որոնք կանգնած էին Ադրբեջանի նախագահի առջև։
Ալիևը վստահեցնում է, թե փակել է ղարաբաղյան հարցը՝ տրորելով դա լուծելու անընդունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի քիթը։ Եվ Փաշինյանն էլ հայտարարում է, որ փակում է Ղարաբաղյան շարժումը։
Ալիևը չի ցանկանում, որ Հայաստանը զինվի, և Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն։
Ալիևը հայտարարում է, թե Հայաստանը երկար տարիներ բռնազավթել է Ադրբեջանի տարածքները։ Նիկոլ Փաշինյանը համամիտ է, նա փուլ առ փուլ «ազատագրում» է նախկինում «բռնազավթած տարածքները» Ադրբեջանի համար։
Իլհամ Ալիևը էթնիկ զտում չի համարում արցախցիների արտաքսումը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հարցը միջազգային ատյաններում չի բարձրացնի, և որ արցախցիները չպետք է մտածեն Հայրենիք վերադառնալու մասին: Նրանք պիտի լավ թե վատ հաստատվեն Հայաստանում, որպեսզի չնյարդայնացնեն Ադրբեջանին։
Այդ մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է ոչ այլուր, քան ԵԽԽՎ լիագումար նիստում։ Ասում է դա զարմացած եվրոպացի խորհրդարանականներին։ Զարմացած, թե ինչ թեթևությամբ և խորին գոհունակության զգացումով է Հայաստանի վարչապետը ժխտում Հայրենիքում անվտանգ ապրելու իր համաքաղաքացիների և հայրենակիցների տարրական իրավունքը: Անկարող են հասկանալ եվրոպացի գովական խորհրդարանականներն իսկական ընկերության գինը, որի համար ոչինչ չի ափսոսում զոհաբերել Նիկոլ Փաշինյանը։ Նամանավանդ՝ այլ մարդկանց շահերը:
Ինչո՞ւ պիտի Իլհամ Ալիևը իր ընկեր չհամարի Նիկոլ Փաշինյանին։ Միայն իսկական ընկերն է օգնում լուծել ամենացավոտ հարցերը: Այլապես ի՞նչ ընկեր:
Առավելևս՝ ընկեր, քանզի դեռ շատ բան ունեն անելու այդ ընկեր-յուզգյարները: Միասին անելու։ Առաջին հերթին՝ հաղթելու Հայաստանի ընտրություններում, որպեսզի ընկերությունն այդուհետ էլ շարունակվի և համատեղ ջանքերով նվաճի նոր, նախկինում աներևակայելի բարձունքներ:
Դե, և համերաշխ համոզելու վերջապես Դոնալդ Թրամփին, որ սովորի այն երկրների ճիշտ անունները, որոնց «հաշտեցրել է», և այդ երկրների առաջնորդների անունները, որոնք այսքան ամուր ընկերացել են ամերիկյան նախագահի շնորհիվ։