Գյումրու համայնքապետարանի մոտ հոկտեմբերի 20-ին ձերբակալվածների շարքերում կան Արցախյան պատերազմների մասնակիցներ, նաև հոգեկան խնդիրներ ունեցող տարեց տղամարդ, որոնք քաղաքի մաքրությամբ են զբաղվում կամ վարորդ են աշխատում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա գործընկերների հետ այցելել է Աշտարակի, ինչպես նաև Էրեբունու և Նաիրիի ՁՊՎ-ներ։ Պատգամավորի խոսքով՝ ձերբակալվածները պարզ մարդիկ են, շատերը քաղաքային կոմունալ տնտեսության, բեռնատարի վարորդ։
«Գրեթե բոլոր վարորդներին հանդիպելիս նույն պատմությունն էր՝ մինչ Գյումրու քաղաքապետարանի մոտ բողոքի գործողությունները, պարեկները կանգնեցրել են քաղաքապետարանի բեռնատարները, ջրցանները, պատճառաբանել, թե «օգնետուշիտել» չունեն, տուգանել են ու տեղափոխել մեքենաները տուգանային հրապարկ»,- գրել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ բոլորին տարել են ոստիկանության բաժիններ, ապա՝ քննչական, հետո ձերբակալել են, դրանից հետո էլ շատերին մեղադրանք են առաջադրել, կալանավորման միջնորդություն ներկայացրել։
«Համատարած մարդաորս, որ այսօր թևածում է Գյումրիում։ Գյումրին 1918 և 1920 թվականին տեսել է թշնամական արշավանքներ։ Բայց սա ավելի ահավոր է․ բռնության հեղինակն ու տասնյակ կատարողները «յան» ազգանունով մարդիկ են, ավելի ճիշտ՝ կամակատարներ»,- եզրափակել է Մանուկյանը։
Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրավապահները տարել են համայնքապետարանի ամբողջ տեխնիկան` ջրցանները, աղբատարները, տրակտորը, վարորդների հետ մեկտեղ տարվել է Ախուրյանի տուգանային պահման վայր։
Sputnik Արմենիա