Логотип

«Մեր ձևով» շարժման հանրահավաքին առնչվող քրվարույթի շրջանակում մեկ անձ է կալանավորել

Քննչական կոմիտեն իշխանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված ձայնագրությունների ֆոնին քրեական վարույթ է նախաձեռնել «Մեր ձևով» շարժման հոկտեմբերի 20-ի հանրահավաքին «մասնակցելու համար նյութապես շահագրգռելու» հոդվածով։

ՔԿ-ի տվյալներով՝ վարույթում 3 անձ է ներգրավվել՝ Գ.Ս.-ն, Բ․Ս-ն, Հ․Մ-ն։ Վերջինիս նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորումը: Կասկածյալների ինքնությունը չի բացահայտվում։

«Մեր ձևով» շարժման հոկտեմբերի 20-ի հանրահավաքին առնչվող քրեական վարույթի նախաքննության շրջանակում մեկ անձի՝ Հ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, տեղեկանում ենք Քննչական կոմիտեի հաղորդագրությունից։

Հ․Մ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (հավաքին մասնակցելու կամ դրանից հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում)։ Բ.Ս.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է մեղադրանք 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նույն արարքին օժանդակելու համար։

Հոկտեմբերի 21-ին, անդրադառնալով վերոնշյալ ձայնագրություններին, «Մեր ձևով» շարժումը երկու լրատվամիջոցից պահանջել էր հերքել տարածած զրպարտությունը։ Շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը նշել էր, որ շարժումը որևէ կապ չունի այդ ձայնագրությունների հետ և հայտարարել, որ եթե չհերքեն՝ պահանջելու են պարզել, թե ովքեր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում։

Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել այն բանից հետո, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։

Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։

Armenia Today