Логотип

ՄԻԵԴ-ը երկարաձգել է Բաքվում պահվող հայ գերիների մասին տեղեկություններ տրամադրելու ժամկետը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկարաձգել է Ադրբեջանում պահվող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու համար սահմանված ժամկետը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։

«Եվրոպական դատարանը նոյեմբերի 7-ին երկարաձգել է սահմանված ժամկետը։ Ըստ այդմ` Ադրբեջանի կողմից համապատասխան տեղեկությունները Եվրոպական դատարան կներկայացվեն մինչև սույն թվականի նոյեմբերի 18-ը։ Հաշվի առնելով վերագրյալը՝ այս պահի դրությամբ ՀՀ կառավարությանը հասանելի չէ հայցվող տեղեկությունը»,- հայտնել են գրասենյակից։

Միևնույն ժամանակ հավելել են, որ Եվրոպական դատարանի կողմից քննարկվող տեղեկատվությունը ՀՀ կառավարությանը տրամադրելու պայմաններում այն կարող է ենթակա չլինել հրապարակման. նման պարագայում հաշվի է առնվում այդ տեղեկություններում որոշ տվյալների պաշտպանության հնարավոր անհրաժեշտության հանգամանքը։