Логотип

ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն կպայմանավորվեն «3+3»-ի անցկացման հարցում

Մոսկվան ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն օպերատիվ կերպով կպայմանավորվեն «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման կազմակերպման հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հստակեցրել է, որ հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում:

«Մենք մեր կողմից կաջակցենք գործընկերների համատեղ որոշմանը. այս տարի ադրբեջանական և հայկական կողմերը բազմիցս հանդիպումներ են անցկացրել Աբու Դաբիում, Վաշինգտոնում, Դուշանբեում։ Հուսով ենք, որ նման ուղիղ շփումները կօգնեն նաև այս հարցի լուծմանը», – ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը՝ մի կողմից, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան՝ մյուս կողմից)։ Առայժմ Վրաստանը նիստերին չի մասնակցում, սակայն մյուս մասնակիցները բազմիցս հայտարարել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է մնում: Նախորդ երեք հանդիպումները տեղի են ունեցել համապատասխանաբար Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում:

Sputnik Արմենիա