«Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանը կմնա կալանքի տակ ևս 3 ամիս` մինչև 2026 թ. փետրվարի 25–ը։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ նրա խափանման այս միջոցը պետք է երկարաձգվի ևս 3 ամսով։
Իր խոսքի մեջ Լիդյա Մանթաշյանը ասաց, որ գիտի` ինչի համար են իրեն պատժում։ «Իմ միջոցով մի շարք պաշտոնյաների մասին տեղեկություններ են հայտնի դարձել, իրենք նեղվում են դրանից։ Իրենք կարող էին իմ դեմ գործ հարուցել` որպես զրպարտություն, սակայն քանի որ դա զրպարտություն չի եղել, դրա համար այս գործի մեջ են խցկել»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է գործով անցնող մյուս անձանց, ապա նախկին զինվորական, զորամասի հրամանատար Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք՝ համակցված բացակայելու արգելքով և 2 մլն դրամի չափով գրավով։
Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը չփոխվեց. նա կմնա կալանքի տակ ևս 3 ամիս։
«Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի կալանքը փոխվեց տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1 մլն 500 հազար դրամ գրավով։ Դատարանն այս որոշումը կայացրեց` հաշվի առնելով երկու անչափահաս երեխաների առկայությունը։
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
