«Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի կալանքի վերացումը ոչ թե դատարանի արդարության, այլ հասարակական ճնշման հաղթանակն էր։ Դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Նշենք, որ քիչ առաջ դատարանը բավարարեց պաշտպանների ներկայացրած միջնորդությունն ու Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացրեց՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, բացակայելու արգելք և 2 միլիոն 500 հազար դրամի չափով գրավ։ Ներկայացված միջնորդությանը չառարկեցին նաև մեղադրյալները։ Նույն դատավորը՝ Կարեն Ֆարխոյանը, մեկ շաբաթ առաջ որոշում էր կայացրել 3 ամսով երկարաձգել Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը։
Փաստաբանի խոսքով՝ ֆորմալ առումով դատարանը գտել է, որ Մանթաշյանի նկատմամբ խախտվում է իրավաչափության սկզբունքը:
«Բայց ես վստահ եմ, որ դատարանի դիրքորոշումն այդպիսին չէր լինի, եթե այդքան ուժեղ հասարակական արձագանք չլիներ։ Պատահական չէ, որ մեղադրող կողմն իր խոսքում փորձեց հերքել, թե դա պայմանավորված չէ սոցցանցերում գրառումներով, ակցիաներով, այլ սահմանափակվում է իրավական հիմքերով: Բայց ես խորապես համոզված եմ, որ սա կարելի է համարել հասարակական ճնշման հաղթանակ, այլ ոչ թե արդարության», – ասաց Մանթաշյանի պաշտպանը։
Փաստաբանի խոսքով՝ այս գործը նախաձեռնելու պահից որևէ առնչություն չունի իրավագիտության հետ:
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Լիդյա Մանթաշյանին, որը կալանավորված է 2025 թվականի հունիսի 26-ից և, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` նոյեմբերի 20-ի որոշման համաձայն, կալանքի տակ պետք է մնար մինչև 2026 թ. փետրվարի 25–ը։
Sputnik Արմենիա
