Ես տեղյակ չեմ զարգացումներին, հետևաբար անկեղծորեն ոչինչ այս պահին չեմ կարող ասել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27–ին, NEWS.am–ի և 24news.am-ի լրագրողների հետ զրույցում նշեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե Եպիսկոպոս Իսախանյանը՝ անդրադառնալով այսօր համացանցում հայտնված եպիսկոպոսների դիմումին, որոնք կաթողիկոսից պահանջում են Արշակ Սրբազանին հեռացնել Մայր Աթոռից ու սառեցնել նրա լիազորությունները։
«Դեռ ամբողջական իրավիճակին չեմ տիրապետում, հետևաբար չեմ կարող որևէ բան ասել։ Եպիսկոպոսական ժողովին մասնակցել եմ, այնտեղ Արշակ Սրբազանի պաշտոնը սառեցնելու հարց չի քննարկվել, ժողովի ընթացքում ուրիշ հարց է քննարկվել, որի շուրջ արդեն հայտարարություն հրապարակվեց, իսկ Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութի հարցը քննարկվել է Վեհափառ Հայրապետի և հանձնախմբի անդամների միջև, որին ես ներկա չեմ եղել։
Ճիշտ կլինի, որ այդ հարցումն ուղղվի այն եպիսկոպոսներին, որոնք ստորագրել են, որովհետև յուրաքանչյուր ստորագրություն ենթադրում է նաև պատասխանատվություն։ Վստահաբար, այն անձերը, որոնք ստորագրել են, համաձայն են տեքստի բովանդակությանը, ոճին, և ուրեմն կրում են պատասխանատվությունը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ տեքստի տակ կա նաև իր անունը, սակայն չկա ստորագրությունը, նա կրկնեց, որ ծանոթ չէ տեքստին. «Եթե ծանոթանայի, չգիտեմ՝ կստորագրեի, թե՞ ոչ։ Կարծում եմ դա մի այնպիսի տեքստ է, որ մեծ հավանականությամբ պետք է ոչ միայն ծանոթանալ, այլ շատ ուշադիր ամեն բառի վրա մտածել, հասկանալ ինչ են իմ հոգևոր եղբայրները գրել և ինչ է պահանջը։ Չեմ կարող արտահայտվել մի բանի մասին, որի բովանդակությանը ամբողջապես չեմ տիրապետում, ինձանով չեմ յուրացրել։ Գուցե վրայով անգամ անցել եմ, կարդացել եմ, բայց չեմ յուրացրել։ Ես ժամանակ պետք ունեմ, որպեսզի ամբողջովին հասկանամ»։
Անդրադառնալով կաթողիկոսի անունը պատարագների ժամանակ զեղչելուն, Սերովբե Սրբազանն ասաց. «Ես դիրքորոշում այդ ուղղությամբ չեմ արտահայտել, բայց ոմանք դիրքորոշում արտահայտել են։ Ես անձնապես չեմ գտնում, որ դա ճիշտ գաղափար է։ Ես կարծում եմ՝ պատարագը այն արարողությունը չի և ոչ էլ պատարագի վայրը՝ եկեղեցին այն տեղն է, որտեղ կարելի է այսպիսի հարցեր լուծել»։
Հարցին՝ եկեղեցին պառակտված չէ՞, նա կարճ պատասխանեց. «Հուսամ ոչ»։
