Логотип

«Մեզ հայրենասիրության համար են դատում»․ Վահագն Չախալյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով

«Սրբազան պայքարի» գործով անցնող Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով` մինչև 2026 թվականի փետրվարի 4–ը։ Որոշումը կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Դատարանը հաշվի չառավ պաշտպանների ներկայացրած հիմնավորումները, այդ թվում՝ Չախալյանի ընտանեկան դրության վերաբերյալ։ Նա ունի 3 երեխա, որոնցից երկուսն անչափահաս՝ 10 և 9 տարեկան, ընտանիքի եկամտի միակ աղբյուրը Չախալյանի աշխատանքն էր, քանի որ կինը չի աշխատում, և այլն։

«Ես քաղաքական եմ նստած, իրավաբանորեն չեմ, ես ինչ կապ ունեմ ահաբեկչության գործի հետ․․․ Դա էլ եմ ասել՝ երանի հեղաշրջման պլան լիներ, մենք էլ իմանայինք՝ ինչ էինք անում, բայց տենց պլան գոյություն չունի, դա մտացածին է․․․ Էս աշխարհում ահաբեկչության մեջ ինձ 3 մարդ է մեղադրում՝ Սաակաշվիլին, Ալիևը, մեկ էլ Փաշինյանը․․․ Մեզ հայրենասիրության համար են դատում։ Եթե Հայաստանում հայրենասիրության համար պետք ա նստենք, ես պատրաստ եմ նստել, 3 ամիս էլ չէ, 3 տարի էլ պատրաստ եմ նստել․․․ Ինձ որ փակել են, ես մենակ բետոն եմ տեսնում, ինձ իմ հողից կտրել են։ Մենակ էդ մի թուլությունն է, որ ես իմ հողի հետ չեմ կարում շփվեմ»,- իր պաշտպանական խոսքում հայտարարեց Չախալյանը՝ շեշտելով՝ այս գործն ահաբեկչության հետ կապ չունի, իսկ ինքն էլ իր հերթին այս գործի հետ կապ չունի։

Պաշտպաններն էլ իրենց խոսքում շեշտեցին, որ գործում որևէ ապացույց չկա, թե Վահագն Չախալյանը որևէ առնչություն է ունեցել «Սրբազան պայքարի» հետ։

«Նրա կենսագրությունը պետք է փնտրել ոչ թե Քրեական օրենսգրքի տիրույթում, այլ կարելի է գրանցել հայկական «Դյուցազնագրքում» այն ռեկորդով, թե քանի անգամ է ապօրինի հետապնդումների ենթարկվել՝ վարչական բերման ենթարկվել, ձերբակալվել, քրեական հետապնդումների ենթարկվել, սակայն առ այսօր տվյալներից որևէ մեկը չի վկայում, որ նա իրավունքի խախտում է թույլ տվել»,- ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Sputnik Արմենիա