Логотип

Պուտին․ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գծով կապի մեջ է Հայաստանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով կապի մեջ է Հայաստանի հետ:

Նա նշել է, որ կազմակերպության աշխատանքներին մասնակցության ձևաչափի վերաբերյալ Երևանի ընտրությունը Հայաստանի ներքին որոշումն է, և ՀԱՊԿ երկրները դրան հարգանքով են վերաբերվում:

«Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ Մեր հայ գործընկերներն ասում են, որ աջակցում են ՀԱՊԿ-ում կայացվող բոլոր որոշումներին, իրենց համարում են կազմակերպության անդամ, սակայն այս փուլում ձեռնպահ են մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց: Դա իրենց ընտրությունն է։ Եթե նրանք հնարավոր են համարում այդպես աշխատել, ուրեմն լավ է։ Մենք համաձայն ենք, և քանի որ Հայաստանը կազմակերպության անդամ է, իր հետ կապի մեջ ենք», – ասել է Պուտինը լրագրողներին։

Նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս արտոնյալ պայմաններով սպառազինություն և տեխնիկա տրամադրել ՀԱՊԿ երկրներին:

«Մենք ՀԱՊԿ երկրներին արտոնյալ պայմաններ ենք տրամադրում մեր սպառազինությունների և տեխնիկայի ձեռքբերման համար. այդ ամենն աշխատում է բավական արդյունավետ», – նշել է նա:

Բացի այդ, Պուտինը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրները կշարունակեն համատեղ զորավարժություններ անցկացնել՝ այդ թվում փոխգործակցելով հատուկ ծառայությունների գծով:

«Շարունակելու ենք, ինչպես և նախկինում, անցկացնել համապատասխան համատեղ զորավարժություններ բոլոր ուղղություններով։ Դա վերաբերում է ոչ միայն զինված ուժերի մասով համագործակցությանը, այլև հատուկ ծառայությունների աշխատանքին», – ասել է նա։

Sputnik Արմենիա